Հայաստանը հաջողությամբ համադրում է համագործակցությունը ՀԱՊԿ-ում և ՆԱՏՕ-ում. Սերժ Սարգսյան
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը հաջողությամբ է համադրում համագործակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում և ՆԱՏՕ-ում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` սեպտեմբերի 6-ին Հայաստան ժամանած ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը: Նրա խոսքով` Հայաստանը մշտապես հայտարարել է, որ անդամակցությունը ՀԱՊԿ-ին համարում է երկրի ռազմաքաղաքական անվտանգության բաղկացուցիչ, կարեւոր մաս: «Մենք դա արել ենք գիտակցված եւ հիմա էլ հավատարիմ ենք ՀԱՊԿ-ի սկզբունքներին ու գաղափարներին: Ես անկեղծորեն չեմ համարում, որ ՆԱՏՕ-ն եւ ՀԱՊԿ-ը հակամարտող կազմակերպություններ են: Առավել եւս չեմ համարում, որ անդամ երկրները չպետք է համագործակցեն: Ընդհակառակը` այդ համագործակցությամբ մենք պետք է հասնենք կայունության»,- ասաց ՀՀ Նախագահը:
Սերժ Սարգսյանը շեշտեց այն հանգամանքը, որ Հայաստանը երբեք իր գործողություններով չպետք է տեղիք տա որեւէ հակադրության կամ հարաբերությունների սրման: «Սա է մեր համագործակցության նպատակը, իսկ ՆԱՏՕ-ի հետ գործակցությունը մեր երկրի համար օգտակար է: Ես հանդիպման ժամանակ Գլխավոր քարտուղարին անկեղծորեն ասացի, որ իրոք ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը բխում է մեր երկրի շահերից»,- նշեց հանրապետության ղեկավարը:
Հավաքական անվտանգության մասին պայմանագիրը ստորագրվել է 1992թ. մայիսի 15-ին: Պայմանագիրը ստորագրող պետությունների թվում էր նաեւ Հայաստանի Հանրապետությունը:Կազմակերպությանն անդամակցում են Հայաստանը, Բելառուսը, Ռուսաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը եւ Ուզբեկստանը:
Հայաստանը եւ Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությունն ակտիվորեն համագործակցում են ժողովրդավարական, ինստիտուցիոնալ եւ ռազմական բարեփոխումների հարցերում, իսկ գործնական հարաբերություններն ընդգրկում են բազմաթիվ այլ ոլորտներ, այդ թվում՝ խաղաղապահ առաքելությունները:Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը (ԱԳԳԾ) նախանշում է Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ համագործակցության ծրագիրը, ինչպես նաեւ սահմանում բարեփոխումների լայն շրջանակ: Հայաստանը ցանկանում է խորացնել ՆԱՏՕ-ի հետ գործնական եւ քաղաքական համագործակցությունը, սակայն, պաշտոնական դիրքորոշման համաձայն, չի ձգտում անդամակցել ՆԱՏՕ-ին: