Փաշինյանը Հայաստան-Թուրքիա երկաթուղու հնարավորինս արագ բացման հույս է հայտնել
4 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ Հայաստան-Թուրքիա երկաթուղին հնարավորինս արագ կբացվի։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետ Փաշինյանը թեմային անդրադարձել է Կառավարության նիստի ընթացքում՝ խոսելով Հայաստանից արտահանվող ապրանքների աշխարհագրության դիվերսիֆիկացմանը և մատակարարման նոր շղթաների ի հայտ գալուն։
«Այս ընթացքում մենք նաև տրանսպորտային նոր հնարավորություններ ունեցանք․ Ախալքալաք-Կարս երկաթուղու երկու գիծն էլ աշխատում են։ Այս թեմայով նաև Վրաստանի վարչապետի հետ եմ խոսակցություն ունեցել և նա էլ է հավաստիացրել, որ երկու ուղղությամբ էլ որևէ խնդիր չի առաջանա, նաև Թուրքիայի նախագահի հետ ենք այս թեմայով խոսել և նրանք էլ վերահաստատել են, որ այդ ուղղությունները բաց են։ Մենք հույս ունենք, որ Հայաստան-Թուրքիա երկաթուղին էլ հնարավորինս արագ կբացվի, էլ չեմ ասում ԹՐԻՓՓ նախագծի իրագործման շրջանակներում, իհարկե, հնարավորությունները էականորեն կավելանան»,-ասաց վարչապետը։
Ռուսաստանի կողմից հայկական ապրանքների ներմուծման արգելքի կամ սահմանափակումների ֆոնին վարչապետ Փաշինյանը նաև նշեց, որ ՀՀ կառավարությունը միշտ էլ շուկաները դիվերսիֆիկացման ուղղությամբ աշխատել է և դա արդյունք է տալիս։
«Հիմա մենք պետք է խթանենք լոգիստիկ կենտրոնների ստեղծումը, որպեսզի ենթադրենք լոլիկ արտադրողները կարողանան գտնել բանաձև, որ հանդես գան որպես միասնական արտահանող, որովհետև շատ դեպքերում ապրանքի որակի և ապրանք գնելու նկատմամբ կա հետաքրքրություն, բայց երբ բանը հասնում է ծավալներին, պարզվում է, որ մենք ի վիճակի ենք արտադրել նրանց հետաքրքրող ծավալների մի մասը միայն։ Սա կարելի է կոմպենսացնել կոնսոլիդացված մատակարարումներ իրականացնելով։ Մեգացանցեր կան, որոնք հետաքրքրված են, բայց փոքր ծավալը իրենց համար պրոբլեմ է»,-ասաց Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ Նիդեռլանդների վարչապետը իրեն գրել է նաև անձնական նամակով, որ իրենք հատուկ ուշադրություն են դարձնում և իրենք էլ կաջակցեն, որպեսզի հայկական տնտեսվարողները խնդիր չունենան։
«Խոսքը վարդի շուկայի մասին է, որովհետև ես հիշում եմ, որ նախորդ հոկտեմբերին, երբ տարբեր տեղեր էինք այցելում, անընդհատ մտածում էինք՝ ոնց մեր վարդի ինդուստրիան կոնսոլիդացնենք, որպեսզի հոլանդական շուկաներին հնարավոր լինի հասանելիություն ստանալ։ Բայց ինչպես ասում են՝ շաբաթը ուրբաթից շուտ եկավ, և հիմա սա շատ մեծ հնարավորություն է»,-շեշտեց վարչապետը։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 24-ին հայտարարել էր, որ Ախալքալաք-Կարս երկաթուղին բաց է Հայաստանից արտահանումների և ներմուծումների համար։
«Ուրախ եմ հայտարարել, որ Ախալքալաք–Կարս երկաթուղին, Ադրբեջանի երկաթուղու նման այլեւս բաց է Հայաստանից արտահանումների եւ Հայաստան ներմուծումների համար։ Սա մեծ իրադարձություն է մեր երկրի տնտեսական կյանքում։ Շնորհակալ եմ Թուրքիայի եւ Վրաստանի գործընկերներին։
Հայաստանն այսօր Վրաստանի և Ադրբեջանի տարածքով երկաթուղային կապ ունի Ռուսաստանի, ապա և Ռուսաստանի և Ղազախստանի տարածքով Չինաստանի հետ։ Հիմա այլեւս Վրաստանի և Թուրքիայի տարածքով նաեւ եվրոպական Միության հետ։ Առաջիկայում Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան, ապա և Նախիջևանով Հայաստան-Իրան երկաթուղու բացումն է։ Այս իրադարձություններին ականատես կլինենք առաջիկայում՝ TRIPP նախագծի իրագործման արդյունքում»,- գրել էր Փաշինյանը։