3 րոպեի ընթերցում
ԳՅՈՒՄՐԻ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիի Տնտեսական զարգացման հիմնադրամն այս տարի եւս սեպտեմբերին կհայտարարի բիզնես գաղափարների մրցույթ: Մրցույթի արդյունքում լավագույն չորս գաղափարները վերածվելու են արտադրության՝ ձեւավորված ընկերությունների կողմից, որոնցից յուրաքանչյուրը, պետության միջոցներից որպես աջակցություն կստանա 14 մլն դրամ:
Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցի հետ ունեցած զրույցի ժամանակ նշեց հիմնադրամի գործադիր տնօրեն Գուրգեն Պարոնյանը, այս տարի հայտատուների հետ ավելի երկար աշխատելու նպատակով մրցույթի ընթացքը կերկարաձգվի:
«Հաճախ մարդիկ շատ լավ գաղափար ունեն, բայց չունենանալով ասենք շնորհանդեսի անցկացման կամ հայտերը ներկայացնելու փորձ, չեն կարողանում իրենց գաղափարները ճիշտ ներկայացնել: Այս անգամ մեր փորձագետներն ավելի երկար կաշխատեն նրանց հետ»,-նշեց Գուրգեն Պարոնյանը:
Անցած տարի բիզնես գաղափարների մրցույթին ներկայացված 9 հայտերից նախատեսված էր ընտրել 4-ը, սակայն, հանձնաժողովի որոշմամբ` ընտրվեցին երեք լավագույն գաղափարները, քանի որ մյուսների մեջ նկատելի էր ռիսկային գործոնը:
«Մենք վստահ չէինք, որ մյուս գաղափարները կաշխատեն եւ եկամտաբերություն կապահովվեն: Գաղափարի ֆինանսավորումն ինքնանպատակ չէ, դա պետք է եկամտաբեր բիզնեսի վերածվի: Հանձնաժողովը չի կարող ռիսկի դիմել: Չեմ բացառում, որ այս տարի եւս նման բան լինի: Բայց դա բացառելու համար հայտերի ներկայացման ժամկետը ավելի քան քսան օրով երկարացվելու է»,-ավելացրեց պատասխանատուն:
Խոսելով հայտերի հեղինակների մասին` Գուրգեն Պարոնյանը նշեց, որ հայտերի մեծ մասը ներկայացվում է գյումրեցիների կողմից, կան նաեւ Երեւանից, իսկ անցած տարի մեկ առաջարկ եղել է նաեւ Իրանից:»Գյումրիից ներկայացված գաղափարների մեջ շատ հետաքրքիր մտքեր կան, բայց հիմնականում բիզնեսի սխալ ընկալման պատճառով շատ անգամ պրակտիկ չեն, կան նաեւ հայտատուներ, ովքեր մրցույթին մոտենում են որպես գրանտային մրցույթի: Նման մոտեցումների շատ ենք հանդիպել, ինչը հիմնականում բիզնես միջավայրում աշխատելու փորձի պակասի խնդիրն է, որը մենք պետք է վերացնենք»:
Ի դեպ, մրցույթն անցկացվելու է երրորդ անգամ: