Բաթումում էքստրեմալ մարզաձևերի հայ մրցանակակիրներին պարգևատրել է նաեւ «ԱրմենՏել»-ը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Batumi Extreme Fest 2012 էքստրեմալ մարզաձևերի միջազգային 2-րդ փառատոնին մրցանակային տեղեր զբաղեցրած հայ մարզիկները պարգևատրվել են «ԱրմենՏել» ընկերության և էքստրեմալ սպորտի «Ադրենալին» ասոցիացիայի կողմից: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին «ԱրմենՏել»-ից, մրցումներն անցկացվել են Վրաստանի Բաթումի քաղաքում` օգոստոսի 23-ից 26-ը: Ռաֆթինգի թիմային առաջնությունում հայ մարզիկները գրավել են երկրորդ տեղը, իսկ Jeep-Trial մրցումներին երկրորդ տեղ զբաղել են Դավիթ Մովսիսյանի և Վիլեն Վարդանյանի անձնակազմը` Standart դասում և Արտաշես Ստեփանյանի ու Արթուր Հարությունյանի անձնակազմը` Extreme դասում:

«ԱրմենՏել» ընկերությունն աջակցում է էքստրեմալ սպորտաձևերի զարգացմանը համեմատաբար վերջերս, սակայն, ի սկզբանե, մենք նպատակ ենք դրել ոչ միայն բարձրացնել Հայաստանի երիտասարդների հետաքրքրությունն էքստրեմալ սպորտի հանդեպ, այլև ներկայացնել երկիրը միջազգային ասպարեզում: Այսօր ակնհայտ է մեր նախաձեռնության հաջողությունը: «ԱրմենՏել» ընկերության անունից շնորհավորում եմ հաղթողներին և մաղթում նոր հաջողություններ, նոր ռեկորդներ և հաղթանակի անսպառ կամք», - նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը:

«ԱրմենՏել» ընկերության, Կոնվերս բանկի և էքստրեմալ սպորտի «Ադրենալին» ասոցիացիայի աջակցությամբ հայ մարզիկները հանդես են եկել Batumi Extreme Fest 2012 էքստրեմալ մարզաձևերի միջազգային 2-րդ փառատոնին: Վրաստանի էքստրեմալ սպորտի Geoextreme ասոցիացիայի կողմից կազմակերպած փառատոնին մասնակցել են մարզիկներ Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից և այլ երկրներից: Հայ մարզիկները պայքարում էին արտաճանապարհային մեքենաներ վարելու Jeep-Trial մարզաձևի Standart, Monster, Extreme դասերում, ինչպես նաև մոտոկրոսի և ռաֆթինգի մրցումներում:

Jeep Trial-ը` բնական և արհեստական խոչընդոտներով ճանապարհին մեքենա վարելու մրցույթ է: Jeep Trial առաջնության ժամանակ ճանապարհը հաղթահարելու հիմնական չափանիշներն են արագությունը և հստակությունը:

Ռաֆթինգը` լեռնային գետերով կամ թիավարման արհեստական ջրանցքներով արագընթաց վարում է 2, 4 կամ 6 տեղանոց փչովի նավակներով:

Հայերեն