Ռուսաստանի հետ Ադրբեջանի սահմանում 500-ից ավելի ավտոմեքենաներ են կուտակվել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ «Սամուր» սահմանային անցակետում Ադրբեջանից Ռուսաստան մեկնող 500-ից ավելի մարդատար ավտոմեքենաներ եւ ավտոբուսներ են կուտակվել, ինչը խիստ դժգոհություն է առաջացրել քաղաքացիների մոտ: Նրանց խոսքով` խնդիրն առաջացել է ռուսաստանյան կողմում: Դաղստանի հանրապետության Մուհառամքենդի շրջանի անցակետը չի ընդունում Ադրբեջանից ժամանող ավտոմեքենաները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Սամուր» անցակետում ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալության թղթակցին հայտնել են, որ հերթը գոյացել է դաղստանյան անցակետում ստուգումների անցկացման պատճառով:

Նշենք, որ Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանակետերում հաճախակի են մի քանի հարյուր ավտոմեքենաների խցանումները: Խնդիրները, ինչպես կանոն, կապված են լինում սահմանային եւ մաքսային գերատեսչությունների աշխատանքի հետ:

Հայերեն