3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արեւմտահայերենի պաշտպանությունը հավաքական ուժի շնորհիվ պիտի լինի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնին` օգոստոսի 11-ին, Պիքվայայի վանքում իր հղած պատգամում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ. Տ. Տ.Արամ Ա-ն իր մտահոգությունն է հայտնել, որ արեւմտահայերենը նահանջում է. այն ոչ միայն աղավաղված է, այլեւ սկսել է պակաս գործածվել: «Լեզուն սոսկ հաղորդակցության միջոց չէ. այն ազգի մշակույթի կորիզն է: Հետեւաբար` հեռանալ հայ լեզվից` նշանակում է հեռանալ հավատքից ու մշակույթից: Հնարավոր չէ անտարբեր մնալ այս իրավիճակում, ուստի անհրաժեշտ է միավորել ջանքերը` հանուն լեզվի պահպանման»,- նշել է կաթողիկոսը:
Նա նաեւ նկատել է, որ վերջին ամիսներին Սիրիայում ծավալվող իրադարձություններն իրենց անմիջական ազդեցությունն ունեցան նաեւ հայ համայնքի վրա: «Մենք չէինք կարող անտարբեր մնալ այս մտահոգիչ դրության մեջ, ուստի անհրաժեշտ կարգադրությունները տրվեցին համայնքի հոգեւոր եւ ազգային պատասխանատուներին»,- ասել է Արամ Ա Կաթողիկոսը:
Նա կարեւորել է սիրիահայության անվտանգության, ապահովության պահպանումը, նրա կառույցների պաշտպանությունը եւ կարիքներին ընդառաջումը: Արամ Ա-ն ընդգծել է, որ հայ ժողովրդի ընդհանրական շահերը պահանջում են յուրաքանչյուր գաղութի ամբողջականության ու հզորության ամրապնդումը: «Սիրիահայությունը ոչ միայն պատմական գաղութ է, ոչ միայն խոր արմատներ է նետել սիրիական հողի մեջ, եւ ոչ միայն կրոնական, ազգային եւ մշակութային աշխույժ կյանքով է ապրում, այլեւ մարտավարական եւ ռազմավարական առումներով հատուկ կարեւորություն ունեցող գաղութ է Միջին Արեւելքում»,- իր պատգամում նշել է Կաթողիկոսը: Նրա խոսքով` սիրիահայությունը կազմակերպված գաղութ է, որը կարիք ունի ոչ թե կարգադրությունների, այլ մեր բոլորի օգնության եւ գործնական աջակցության: Արամ Ա-ն ողջունել է սիրիահայության ցուցաբերած միասնական ոգին, հավասարակշռված ու առողջ մոտեցումը շուրջը տեղի ունեցող իրադարձություններին:
«Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը միշտ կանգնած է սիրիահայության կողքին: Սիրիահայությունը, որպես կազմակերպված գաղութ, ինչպես նաեւ Սիրիայի կարեւոր համայնքներից մեկը, շարունակում է մնալ ամուր կառչած իր սիրիական հայրենիքին եւ նրա գերագույն ու ընդհանրական շահերին»,- նշել է Արամ Ա-ն: Նա հայտնել է, որ տնտեսական դժվարության հետեւանքով կարիքավոր ընտանիքների թիվը սկսել է մեծանալ: Առաջիկայում, երբ դպրոցներն իրենց դռները բացեն, աշակերտները տնտեսական լուրջ դժվարությունների առջեւ են կանգնելու, հետեւաբար ներկայիս անհետաձգելի հրամայական է դարձել սիրիահայությանընյութական աջակցությունը: Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը համոզմունք է հայտնել, որ համահայկական մարտահրավերներին անհրաժեշտ է համահայկական ճիգով եւ հանձնառությամբ դիմագրավել. սա է մեր ազգի հզորության ճանապարհը: