Ռուսաստանն առանձնացնում է հարաբերությունները Հայաստանի հետ` որպես Կովկասի իր գործընկերոջ. Կոնստանտին Զատուլին

8 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Վլադիմիր Պուտինի՝ օգոստոսի 8-ին Մոսկվայում կայացած հանդիպմանը եւս մեկ անգամ ընդգծվեց հայ-ռուսական ռազմավարական գործընկերության բարձր մակարդակը եւ այն ամրապնդելու պատրատսակամությունը: Հանդիպումից ռուս քաղաքական վերլուծաբանների դիրքորոշումը պարզելու համար «Արմենպրես»-ը զրուցեց ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինի հետ:

-Պարոն Զատուլին, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների` Սերժ Սարգսյանի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Արդարացվա՞ծ են արդյոք ռազմավարական գործընկեր պետությունների ղեկավարների հանդիպումից առաջ քաղաքական շրջանակներում ձեւավորվող սպասումները:

-Հանդիպումն, իմ կարծիքով, անչափ կարեւոր էր, թեեւ ընդամենը ժամեր տեւեց: Միեւնույն ժամանակ` նրանով Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության ղեկավարների միջեւ վերահաստատվեց բարեկամական, վստահելի հարաբերությունների ավանդույթը: Որքան ինձ հայտնի է, քննարկվում է սեպտեմբերին Հայաստանում անցկացվելիք ՀԱՊԿ զորավարժություններին ՌԴ նախագահի ներկայության հարցը: Քաղաքական, անգամ ոչ քաղաքական տեսանկյունից սա չափազանց կարեւոր է, քանի որ տեղի է ունենում հենց այն պահին, երբ ավելի քան երբեւէ անհրաժեշտ է ցուցադրել գործընկերային հարաբերությունները: Մենք գիտենք` որքան լարված է դրությունը Մերձավոր եւ Միջին Արեւելքում, գիտենք նաեւ, որ Իսրայելում, ԱՄՆ-ում կան «տաքգլուխներ», ովքեր դեռ չեն հրաժարվել Իրանին դաս տալու մտքից: Այստեղ որոշակի դեր ունի Ադրբեջան-Իսրայել համագործակցությունը, որը վերջին շրջանում ակնհայտ է: Այս ամենից ելնելով` անհրաժեշտ է, որ հայ-ռուսական հարաբերությունները լինենբավական ամուր, ազդեցություն ունենան տարածաշրջանում խաղաղության պահպանման հարցում: Կարծում եմ` բացի այդ էական հանգամանքից, կարեւոր է եւ հետխորհրդային տարածքում ինտեգրացիայի, տնտեսական, էներգետիկ թեմաների քննարկման շարունակությունը: Ինձ հայտնի է, որ նախագահները քննարկել են թեմաների լայն շրջանակ` ոչ միայն երկկողմ հարաբերությունները, այլեւ ընդհանուր իրավիճակը, եւ իրերի դասավորության շուրջ հայացքները բավական մոտ են:Այս հանդիպումը շատ կարեւոր էր: Այն, փաստորեն, տեղի ունեցավ Վլադիմիր Պուտինի` նախագահի պաշտոնին վերադառնալուց հետո: Հանդիպման ականատեսներն ասում են, որ նախագահների զրույցից տպավորություն էր ստեղծվում, թե նրանք ընդամենը երեկ էին բաժանվել: Կասկած չկա, որ վերջին շրջանում ռուս պետական-հասարակական գործիչների` Հայաստան կատարած այցելությունների հերթականությունը, ապա երկու երկրների նախագահների միջեւ բանակցությունները հաստատում են` հայ-ռուսական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա:

-Ինչպե՞ս կգնահատեիք հանդիպման արդյունքները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առումով:

-Լեռնային Ղարաբաղի թեման, կարծում եմ (այս դեպքում միայն կարող եմ ենթադրել), քննարկվել է: Այստեղ, ինձ թվում է, նույն սկզբունքներն են: Խոսվում է խաղաղ գործընթացի պահպանման և այն մասին, որ ոչ Հայաստանը, ոչ Ռուսաստանը շահագրգիռ չեն զինված հակամարտության վերականգնման եւ սրացման հարցում: Ռուսաստանը, որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր, ձգտում է, որ երկու երկրների միջեւ բանակցությունները խաղաղ ընթացք ունենան: Կարծում եմ` եթե դրա հետ համաձայն են Բաքվում, ապա խնդիրներ չպիտի լինեն: Մենք գիտենք, որ վերջին շրջանում լարվածությունը ԼՂ-ի շուրջ ավելանում էր, այն մեկ անգամ չէ, որ դուրս էր գալիս խաղաղ-բանակցային ընթացքից` հրադադարի ռեժիմի խախտմամբ: Սեպտեմբերին Հայաստանում անցկացվելիք ՀԱՊԿ զորավարժությունները, որոնք ունեն սեփական տրամաբանությունը, սեփական պատճառները, այդուհանդերձ, տպավորություն կգործեն ոչ միայն Հայաստանի, այլև սահմանակից այլ պետությունների վրա:

- Ի՞նչ կտա այս հանդիպումը հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացմանը: Կարելի՞ է պնդել, որ սա քայլ առաջ է:

-Սա աշխատանքային հանդիպում էր, այն չէր ենթադրում ինչ-որ կարեւոր փաստաթղթերի ստորագրում, որ սովորաբար տեղի է ունենում պաշտոնական այցելությունների ժամանակ: Այս հանդիպման ընթացքում, որքան ինձ հայտնի է, քննարկվել են հայ-ռուսական տնտեսական եւ քաղաքական հարաբերությունների բոլոր հանգուցային խնդիրները: Օրակարգում են նշված հարցերի հետագա քննարկումը եւ լուծումը, այդ թվում եւ վարկերի հարցն ու գազի գինը: Բոլոր այս հարցերը, հանդիպման ընթացքում քննարկվածին գումարվելով, դառնում են երկու նախագահների աշխատանքի առարկա: Չի բացառվում, որ հետագայում բանակցությունների արդյունքում կստեղծվի հայ-ռուսական հանձնաժողով, սակայն ոչ թե կառավարության, այլ նախագահների մակարդակով: Բոլոր այս տարիներին գոյություն է ունեցել ռուս-հայկական կառավարական հանձնաժողով, այժմ միտք կա դրա մակարդակի բարձրացման, այն նախագահական ղեկավարության հանձնելու:

-Քաղաքական առումով ի՞նչ զարգացումներ կարելի է կանխատեսել առաջիկայում տարածաշրջանում:

-Քաղաքական առումով մեր հարաբերությունները հիմնվում են ստորագրված համաձայնագրերի վրա: Իհարկե, կա օբյեկտիվ դժվարություն` կապված Եվրասիական միության նման կառույցներին Հայաստանի անդամակցության հետ, քանի որ մենք չունենք ընդհանուր սահման: Եվրասիական միությունն իրականում մաքսային միություն է: Այդուհանդերձ, Հայաստանը հետեւում է գործընթացների զարգացմանը, իմ տպավորությամբ` ցանկություն կա նաեւ հետագայում զարգացնել ու խորացնել տնտեսական համագործակցությունը: Եթե խոսենք քաղաքական համագործակցության մասին, կարծում եմ` ոչ մեկի համար գաղտնիք չէ Հայաստանի եւ Ադրբեջանի յուրահատուկ հարաբերությունների փաստը: Այն պարզապես իրողություն է Կովկասով հետաքրքրվող ցանկացած անձի համար: Նույն կերպ կասկած չպետք է հարուցի Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ առանձնահատուկ հարաբերությունների առկայությունը: Ցանկություն ունենալով Ադրբեջանի հետ բարիդրացիական հարաբերությունները զարգացնելու` մենք միեւնույն ժամանակ առանձնացնում ենք հարաբերությունները Հայաստանի հետ` որպես Կովկասի մեր գործընկերոջ, որը չի մասնակցում ինչ-ինչ ծրագրերի` կապված Իրանի եւ այլնի հետ: Հայաստանն այս դեպքում առաջնորդվում է որոշակի արտաքին քաղաքական գծով, որը շատ բանով համընկնում է այն քաղաքականության հետ, որ փորձում է վարել Ռուսաստանը: Մենք չենք ցանկանում Հարավում` Կովկասում, ինչ-որ բարդություններ, հակամարտություն տեսնել: Ես սա ասում եմ այս օրերին, երբ լրացավ ռուս-վրացական օգոստոսյան պատերազմի չորրորդ տարին: Այն տեղի ունեցավ հենց այն պատճառով, որ Վրաստանը հարձակվեց Օսիայի վրա, եւ Ռուսաստանը ստիպված էր պաշտպանել իր հայրենակիցներին: Եթե այսօր պատկերացնենք Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները, ապա կարող ենք պնդել. դա հարաբերություն է երկու երկրների միջեւ, որոնք հավասարապես շահագրգիռ են Կովկասում խաղաղության պահպանման մեջ:

Հարցազրույցը ՝ Հայկանուշ Թորոսյանի

Հայերեն English Русский

Երևանի քաղաքապետարանը բանակցում է 18 մետրանոց 250 նոր ավտոբուս ձեռք բերելու շուրջ, նախատեսվում է գնել ևս 45 նոր տրոլեյբուս. Ավինյան

Մեծ Բրիտանիան մեղմացում է արել Հայաստանի վերաբերյալ իր քաղաքացիների համար արվող հորդորներում. Միրզոյան

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վերապատրաստման դասընթաց է անցկացվել

Հրանտ-Լեոն Ռանոսը պաշտոնապես տեղափոխվեց «Կայզերսլաուտերն»

Երվանդ Քոչարի թանգարանը շնորհակալագիր հանձնեց «Արմենպրես»-ին և այլ գործընկերների կառույցի կողքին լինելու համար

Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի խորհրդարանների ղեկավարների գլխավորած պատվիրակությունները

Վարչապետը ներկայացրեց սահմանազատումը հյուսիսային հատվածից շարունակելու պատճառը

Հայաստանը՝ հին բաբելոնյան արձանագրություններից մեկում. բրիտանացի գիտնականը ներկայացրեց բացառիկ նմուշ

Մեր խնդիրն առաջին հերթին չվնասելն է. Փաշինյանը՝ գերիների վերադարձի համար ջանքերի մասին

Կայացել է Հայաստանի 4-րդ շրջանի Համընդհանուր պարբերական դիտարկման զեկույցի քննարկումը