Սերժ Սարգսյանը եւ Վլադիմիր Պուտինը կքննարկեն Հարավային Կովկասի անվտանգության հարցերը
4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Վլադիմիր Պուտինի` Մոսկվայում օգոստոսի 8-ին կայանալիք հանդիպումը նոր քայլ կլինի դաշնակցային գործընկերների բարեկամական եւ փոխշահավետ հարաբերություններն ամրապնդելու ճանապարհին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին նշվում է Կրեմլի լրատվական ծառայության տարածած հաղորդագրությունում: Վլադիմիր Պուտինն ու Սերժ Սարգսյանը կքննարկեն անվտանգության խնդիրները Հարավային Կովկասում եւ երկու երկրների միջեւ երկկողմ հարաբերությունների օրակարգը, միջազգային եւ տարածաշրջանային այլ արդիական հարցեր, ԱՊՀ տարածքում երկու երկրների համագործակցությունը խորացնելու հեռանկարները:
Մամուլի ծառայության հաղորդագրությունում նշվում է, որ 2012 թ.-ը երկրների համար նշանավորվում է երկու կարեւոր հոբելյաններով` Հայաստանի եւ ՌԴ-ի միջեւ երկկողմ հարաբերությունների հաստատման 20 ամյակով եւ Համագործակցության ու փոխօգնության մասին ռուս-հայկական միջպետական համաձայնագրի կնքման 15 ամյակով:
Ռուսաստանը ՀՀ-ում գլխավոր ներդրողներից մեկն է ու Հայաստանի հիմնական առևտրային գործընկերը: Հայաստանի եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ 2012 թ.-ի առաջին 5 ամիսների ընթացքում ապրանքաշրջանառություննաճել է 24.4 տոկոսով` կազմելով 434.8 մլն դոլար: նույն ժամանակահատվածում Ռուսաստանից Հայաստան արտահանումն աճել է 21.5 տոկոսով` հասնելով 345.1 մլն դոլարի, իսկ ներմուծումն աճել է 37.2 տոկոսով` հասնելով 89.7 մլն դոլարի:
«Հայկական շուկայում գործում են ռուսական ազդեցիկ կորպորացիաներ. Հայաստանում բավականին արդյունավետ է գործում հայ-ռուսական «Հայռուսգազարդ» համատեղ ձեռնարկությունը, որը Հայաստանի ներքին շուկայում ունի ռուսաստանյան բնական գազի մատակարարման եւ բաշխման մենաշնորհային իրավունք: 2011 թ-ին «ՀայՌուսգազարդ»-ն ավարտել է Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի կառուցման աշխատանքները: «Ռոսատոմ» պետական կորպորացիան համակարգում է ռուսական կազմակերպությունների մասնակցությունը Հայաստանի ԱԷԿ-ի անվտանգության բարձրացման հարցում ՄԱԳԱՏԵ-ի տեխնիկական համագործակցության չորս նախագծերի իրագործմանը: 2008 թ.-ի հունվարից «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ն ստանձնել է «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Հայաստանի ֆինանսական շուկայում ակտիվ գործունեություն է ծավալում ռուսական «Գազպրոմբանկ»-ը: Ներկա պահին բանկն ունի 15 մասնաճյուղ, 9-ը`մարզերում, 6-ը` Երեւանում: Նույն հաջողությամբ աշխատում է նաեւ «ՎՏԲ բանկ-Արմենիա» ՓԲԸ-ն:
Ռուսաստանյան ընկերությունների ակտիվությունը բարձր է նաեւ հեռահաղորդակցության ոլորտում:
Հայաստանին եւ Ռուսաստանին իրար կապող խորը պատմական եւ մշակութային կապերը բարձր համագործակցություն են ապահովում հումանիտար ոլորտում: Առեւտրատնտեսական, գիտատեխնիկական եւ մշակութային համագործակցության ավելի քան 28 միջտարածաշրջանային համաձայնագիր է ստորագրվել»,-ընդգծվել է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: