Հասարակական

Սիրիահայ երեխաներն ամառային հանգիստը կանցկացնեն Հայաստանում

2 րոպեի ընթերցում

Սիրիահայ երեխաներն ամառային հանգիստը կանցկացնեն Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիահայերի խնդիրը ՀՀ սփյուռքի նախարարության մշտական ուշադրության կենտրոնում է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Արի տուն» ծրագրի 6-րդ փուլի մեկնարկի ժամանակ նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ նախարարությունը Սիրիայում գտնվող մեր հայրենակիցների խնդիրների մասին տեղեկանում է նաեւ այդ երկրում գործող հայկական կառույցների, ինչպես նաեւ Սիրիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության միջոցով: «Մենք բոլոր օրենքները և որոշումները փորձում ենք փոխել` դրանք հարմարեցնելով մեր հայրենակիցների պահանջներին: Ես իմ բոլոր միջազգային հանդիպումներում անընդհատ մտահոգություն եմ հայտնում սիրիահայերի օգնության առնչությամբ: Նախարարության աշխատանքային խումբը լինում է օդանավակայաններում, դիմավորում սիրիահայերին, տեղում ճշտում է բոլոր հիմնախնդիրները»,-ասաց Հակոբյանը:

Հրանուշ Հակոբյանը նշեց նաեւ, որ «Արի տուն» ծրագրի շրջանակներում նախատեսվում է մեծ թվով սիրիահայ երեխաների հանգիստը կազմակերպել Հայաստանում:

«Արի տուն» ծրագրի նպատակն է աշխարհասփյուռ հայ երիտասարդներին ճանաչելի դարձնել Հայաստան-հայրենիքը, նրանց մեջ սերմանել ազգային ինքնության գիտակցություն, ծանոթացնել ազգային ավանդույթներին ու սովորույթներին, հայ ընտանիքին, հայ մարդու հոգեկերտվածքին, ինչպես նաեւ աջակցել Հայաստան-Սփյուռք բարոյահոգեբանական, կրթամշակութային մերձեցմանը:

«Արի տուն 2012» ծրագիրն իրականացվում է հունիսի 10-ից սեպտեմբերի 1-ը` ութ փուլով: Այս տարի ակնկալվում է 1000 երիտասարդի այցելություն Հայաստան: Ծրագիրն իրականացվում է 2009 թվականից: Նախորդ երեք տարիներին «Արի տուն» ծրագրով Հայաստան է այցելել շուրջ 1800 սփյուռքահայ երիտասարդ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում