Իրավունք

Քասախ համայնքի նախկին ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

3 րոպեի ընթերցում

Քասախ համայնքի նախկին ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Քասախ համայնքի նախկին ղեկավարի կողմից 28 հողամաս օտարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունը 

«ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ա.Մ․-ն 1996-2021 թվականներին հանդիսանալով Կոտայքի մարզի Քասախ համայնքի ղեկավարը և վերջինիս եղբորորդին՝ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Ն․Մ․-ն, համայնքապետարանի աշխատակիցների և աճուրդային հանձնաժողովի անդամների հետ ձեռք բերված նախնական համաձայնությամբ, 2016-2019 թվականների ընթացքում փաստացի չիրականացված աճուրդների վերաբերյալ պաշտոնեական կեղծ փաստաթղթեր կազմելով՝ համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի և գյուղատնտեսական բնակավայրերի նպատակային նշանակության, ընդհանուր՝ շուրջ 228 մլն ՀՀ դրամ շուկայական արժեքով 28 միավոր հողերն օտարել են իբր այդ աճուրդներում հաղթող ճանաչված անձանց, ինչի հետևանքով՝ առանձնապես խոշոր չափերով վնաս է պատճառվել Քասախ համայնքին, խաթարվել է համայնքային սեփականության օրինական կառավարման և հողերի օտարման օրինական գործընթացը, Քասախ համայնքին պատկանող հիշյալ հողամասերն ապօրինի կերպով դուրս են եկել համայնքային ֆոնդից և համայնքը զրկվել է սեփականության իրավունքով իրեն պատկանող հողերը ՀՀ օրենսդրության պահպանմամբ՝ օրինական եղանակով օտարելու իրական հնարավորությունից»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ա․Մ․-ի և համայնքապետարանի նախկին 5 աշխատակցի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ 28 դրվագով հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով (պաշտոնեական լիազորություններն անցնելը), 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը): Ա.Մ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, իսկ մյուսների նկատմամբ՝ վարչական հսկողությունը և բացակայելու արգելքը: 

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում