Ադրբեջանցի գիտնականը ԼՂ հակամարտության ռազմական լուծման հայտարարությունները իմիտացիա է համարում
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված պաշտոնական քաղաքական գործունեությունը իմիտացիա է: Ղարաբաղյան հարցի լուծման ռազմական ճանապարհի մասին Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունները նույնպես միայն իմիտացիա են: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», ադրբեջանական լրատվամիջոցներինհայտարարել է Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ Ռաֆիկ Ալիեւը:
Ադրբեջանցի գիտնականի կարծիքով` ԼՂ հակամարտության լուծման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի ստեղծումը «պատրվակ է, որը նախորոշել է հակամարտության անլուծելությունը»: «Խոչընդոտներից մեկն էլ այն է, որ ղարաբաղյան խնդրի կարգավորումը կապված է տարբեր պետությունների շահերի եւ աշխարհաքաղաքական գերակայությունների բախման հետ», -գտնում է նա:
Ռաֆիկ Ալիեւը նշել է, որ որպես գիտնական, կարող է կոնկրետ խոսել այդ ուղղությամբ գիտական մշակումների մասին: «Հակամարտության կարգավորման ուղղությամբ հուսալ կարելի է այն դեպքում, եթե ստեղծվեն հատուկ ինստիտուտներ, որոնք հետեւողականորեն կուսումնասիրեն մի շարք հարցերի առնչվող այդ բազմամակարդակ խնդրի էությունը, որը հաճախ անտեսվում եւ ուշադրության չի առնվում: Ուսումնասիրությունների ընթացքում անհրաժեշտ է տարբեր տեսական մոդելների փորձարկում, որոնք հետագայում կարող են կիրառվել գործնականում», -ասել է նա: