Ֆուտբոլ

Իտալիայի հետ խաղում ֆուտբոլի Հայաստանի հավաքականից միայն հաղթանակ է ակնկալվում

2 րոպեի ընթերցում

Իտալիայի հետ խաղում ֆուտբոլի Հայաստանի հավաքականից միայն հաղթանակ է ակնկալվում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Իտալիա հանդիպումը դժվար է լինելու երկու թիմերի համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Արարատ 73»-ի անդամ, ԽՍՀՄ երիտասարդական հավաքականի ավագ (1976 թ.) Արմեն Սարգսյանը:

«Հայաստանի հավաքականի այսօրվա ցուցադրած խաղը շատ դրական է: Նախորդ մրցաշրջանում Իռլանդիայից կրած պարտությունը ինձ համար պարտություն չէր: Անցյալ տարիների համեմատ ունենք լավ թիմ եւ լավ «կորիզ», տաղանդավոր ֆուտբոլիստներ: Շատ ուրախ եմ, որ մարզադաշտն այսօր լցվում է: Գեղեցիկ եւ լավ ֆուտբոլի համար պատասխանատու են բոլորը` եւ հավաքականի անդամները, եւ ֆուտբոլասերները: Անձամբ ծանոթ եմ Հենրիկ Մխիթարյանին, Յուրա Մովսիսյանին: Կուզենայի, որ բոլորն այնպիսին լինեին, ինչպիսին այսօր Իսպանիայի հավաքականն է»,- ասաց Սարգսյանը:

Նրա խոսքով, առաջիկա հանդիպումը դժվար է լինելու եւ հայկական թիմի, եւ իտալացիների համար. ուժեղ մրցակիցներ են:

«Իտալացիների խաղին ականատես եղա Եվրոպայի առաջնությունում: Ցանկությունս մեծ է, եւ հավատում եմ, որ մեր տղաները անպայման մեզ կուրախացնեն: Նրանք պատրաստ են եւ ֆիզիկապես, եւ հոգեբանորեն: Ես չեմ բացառում նաեւ ֆուտբոլային բախտի բերելուն: Ազգային ընտրանու (ինձ համար շատ վեհ է այս կոչումը) տղաները պետք է կարողանան խաղադաշտում դրության տերը լինել առաջին 30 րոպեներին եւ պետք է ձգտեն առաջինը հասնել հաջողության: Անհամբերությամբ սպասում եմ այդ օրվան»- ավելացրեց ֆուտբոլիստը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սեպտեմբերից սկսում է աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական փուլը, իսկ Հայաստան-Իտալիա հանդիպումը կկայանա հոկտեմբերի 12-ին «Հրազդան» մարզադաշտում: Հայաստանի հետ նույն խմբում ընդգրկված են Իտալիայի, Դանիայի, Մալթայի, Չեխիայի եւ Բուլղարիայի հավաքականները:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում