Հասարակական

Արամ Աբրահամյանը լրագրողներին կոչ է անում տեղեկացնել` չզրպարտելով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լրատվամիջոցների դեմ նախորդ տարի ներկայացված բազմաթիվ հայցերի մեծ մասն ուղղված է եղել «Առավոտ», «168 ժամ», «Հրապարակ» օրաթերթերի դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մարտի 13-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց փաստաբան Դավիթ Թումասյանը: Նրա խոսքով` դատարանը հիմնականում պարտադրում է հերքում տպագրել եւ նյութական փոխհատուցում տրամադրել: Դատական գործերի մեծ մասն ավարտվում է հաշտությամբ:

«Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը նկատեց, որ դատարան պետք է դիմել այն դեպքում միայն, երբ իսկապես վիրավորված են թերթից: Նախընտրական շրջանում Աբրահամյանը հայցերի մեծ ալիք չի կանխատեսում: «Եթե դու դրսեւորում ես պատշաճ պրոֆեսիոնալիզմ, եթե քո նպատակը ցավ պատճառելը չէ, այլ տեղեկատվություն հաղորդելը, ապա անգամ ամենասուր բառը դու կարող ես այնպես ասել, որ համենայն դեպս, դատական հետեւանքներ չլինեն»,- նշեց խմբագիրը: Նրա խոսքով` կարող են լինել դեպքեր, երբ նպատակ կա լրագրողին պատժելու, սակայն անգամ այս դեպքում արհեստավարժ լրագրողն առավելագույնս պաշտպանված է:

Ինքը` Աբրահամյանը, առաջին անգամ օգտագործելով ամենասուր բառը, երկրորդ անգամ վերընթերցում է եւ այն փոխարինում ավելի թեթեւ բառով: «Սա, իհարկե, չի նշանակում, թե ես կոչ եմ անում մոռանալ լրագրողական ազատության մասին»,-նշեց բանախոսը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում