Հասարակական

Տարոն Մարգարյանը վստահ է` Երեւանին վերաբերող ցանկացած խնդիր հնարավոր է լուծել քաղաքակիրթ եղանակով

4 րոպեի ընթերցում

Տարոն Մարգարյանը վստահ է` Երեւանին վերաբերող ցանկացած խնդիր հնարավոր է լուծել քաղաքակիրթ եղանակով

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գլխավոր պողոտայի՝ Մաշտոցի պողոտա-Եզնիկ Կողբացի հատվածի զբոսայգուն հարակից ոչ կանաչապատ տարածքում ոչ հիմնական տաղավարների ժամանակավոր տեղադրման աշխատանքները ձեռք են բերել հասարակական հնչեղություն: Հնչում են տարբեր տեսակետներ, որոնք հիմանակնում հուզական բնույթի են: Կարծում եմ, որ հասել է տվյալ քննարկումները առարկայական դաշտ տեղափոխելու պահը՝ իրար հետ ողջամիտ փաստարկներ փոխանակելու, դրանք ծանր ու թեթև անելու եւ հասարակական փոխըմբռնման հասնելու համար: «Արմենպրես»-ը հաղորդում է, որ այս մասին նշված է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի` հանրությանն ուղղված նամակում:

«Որպես ՀՀ ամենամեծ համայնքի ղեկավար, ես հստակ գիտակցում եմ, որ առանց սեփականության իրավունքի արդյունավետ պաշտպանության անհնար է որեւէ զարգացում, հանրային կարևորություն ունեցող ցանկացած խնդրի լուծում: Սեփականությունը հանրային կարևորագույն գործառույթ է իրականացնում՝ ձևավորելով ցանկացած գործունեության նյութական հիմքը: Այն համայնքը, որը ժխտում է այս ճշմարտությունը, ապագա չունի»,-ասել է քաղաքապետը:

Նամակում նշվել է, որ վերոնշյալ տարածքում իրականացվող ոչ հիմնական տաղավարների ժամանակավոր տեղադրման աշխատանքների նախապատմությանը վերաբերող փաստերին ծանոթանալ ցանկացող յուրաքանչյուր ոք, առկա փաստերի հիման վրա ի վիճակի կլինի կատարել անաչառ եզրահանգումներ: Իսկ փաստերը հետևյալն են.

Երեւանի Աբովյան փողոցում՝ առավելապես մայթերի ու կանաչ գոտու վրա սեփականության իրավունքով պատկանող հիմնական շինությունները Երեւանի քաղաքապետարանի գործադրած ջանքերի շնորհիվ ապամոնտաժվել են: Շինությունների սեփականատերերին որպես փոխհատուցում առաջարկվել են այլ տարածքներ, որոնց թվում նաեւ Մաշտոցի պողոտա-Եզնիկ Կողբացի հատվածի զբոսայգուն հարակից ոչ կանաչապատ, անբարեկարգ եւ անխնամ տարածքը: Վերջինը կառուցապատման իրավունքով գրանցված է Երեւանի ենթակայության «Կենտրոն-Կանաչապատում» ՓԲԸ-ի անվամբ:

Սահմանված կարգով հաստատված եւ համաձայնեցված քաղաքաշինական փաստաթղթերին համապատասխան՝ ներկայում «Կենտրոն-Կանաչապատում» ընկերության կողմից այգում տեղադրվում են տաղավարներ՝ Աբովյան փողոցի ապամոնտաժված հիմնական շինությունների սեփականատերերին որպես փոխհատուցում տրամադրելու համար: Ընդ որում, դրանք տրամադրվելու են ժամանակավոր՝ մինչև «Հին Երեւան» ծրագրի իրականացման ավարտի ժամկետով:

Սեփականության հետ կապված կարևոր եւ բարդ հիմնախնդիրները չի կարելի լուծել առանձին քաղաքացիների՝ արդարության վերաբերյալ սուբյեկտիվ պատկերացումների հիման վրա:

«Չնայած հնչած բացասական եւ ժխտողական գնահատականներին, այդուհանդերձ ես ուրախ եմ, որ մեր համաքաղաքացիները այդքան նախանձախնդիր են մեր սիրելի Երեւանի հիմնախնդիրներով ու ապագայով: Ու չնայած նրան, որ այս դեպքում ամեն ինչ օրինական է եւ փաստաթղթերով հիմնավորված, այդուհանդերձ համարում եմ, որ ցանկացած կարեւոր որոշում որքան էլ այն հիմանվորված լինի, կարիք ունի հավելյալ լեգիտիմության, ինչին հասնելու լավագույն միջոցը հանրության ներգրավվածությունն ու իրազեկվածությունն է»,-նշված էր նամակում:

Քաղաքապետը տեղեկացրել է նաեւ, որ նշված գործընթացի արդյունքում ամբողջությամբ բարեկարգվելու եւ կանաչապատվելու են Աբովյան փողոցի ապամոնտաժված շինությունների զբաղեցրած հատվածները: Իսկ զբոսայգու բուն տարածքում իրականացվելու են հենապատերի եւ եզրաքարերի վերանորոգման, կանաչ գոտու վերականգնման, ծաղկապատման, ոռոգման ցանցի վերականգնման, եւ այլ աշխատանքներ:

Տարոն Մարգարյանը վստահություն է հայտնել, որ Երեւանին վերաբերող ցանկացած խնդիր հնարավոր է լուծել քաղաքակիրթ եղանակով, փոխըմբռնման մթնոլորտում եւ ի շահ մեր քաղաքի:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում