2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հարցում ՀԱՊԿ-ն չի պատրաստվում միջամտել բանակցային գործընթացին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման հայտարարությամբ փետրվարի 21-ին կայացած Երևան-Մոսկվա-Կիև-Աստանա-Քիշնև- Մինսկ տեսակամուրջի ընթացքում նման հայտարարությամբ հանդես եկավ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
«Մենք բանակցային գործընթացի մեջ չենք մտնում: Հասկանում ենք, որ Հայաստանը մեր գործընկերն է: Սակայն գոյություն ունեն համապատասխան մեխանիզմներ, և ոչ մի նոր բան պետք չէ ստեղծել»,- նշեց Բորդյուժան:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է օգտագործվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման համար:
Կան համապատասխան մեխանիզմներ, մասնավորապես` ԵԱՀԿ Մինսկի խումբը, տեղի են ունենում եռակողմ հանդիպումներ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների մակարդակով: «Հենց այս մեխանիզմները պետք է օգտագործվեն այդ բարդ, կրկնում եմ շատ բարդ հարցը լուծելու համար»,- նշեց Բորդյուժան:
Անդրադառնալով այն հարցին, թե ճգնաժամային իրավիճակում ՀԱՊԿ-ն ինչ քայլերի կդիմի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշեց, որ Հայաստանը ՀԱՊԿ լիիրավ անդամ է և իրավունք ունի ստանալ իր դաշնակիցների օգնությունը: «Այսօր կանխատեսել ճգնաժամերը ՀԱՊԿ անդամ երկրներում հնարավոր չէ: Ամեն ինչ կախված է կոնկրետ իրավիճակից»,- նշեց Բորդյուժան:
Նրա խոսքով՝ ճգնաժամային իրավիճակներում գործելիս կազմակերպությունն օգտագործում է ոչ միայն արագ արձագանքման հավաքական ուժերը, այլ նաև իր քաղաքական և խաղաղապահ ներուժը: «Կրկնում եմ, որպես ՀԱՊԿ անդամ պետություն` Հայաստանը կստանա ողջ անհրաժեշտ օգնությունը»,- ընդգծեց Բորդյուժան: