1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էրզրումի անվտանգության ուժերի կողմից կազմակերպված հավաքի ընթացքում Դումփլուփընար նախակրթական դպրոցի տնօրենը ապշեցնող հայտարարություն է արել: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Միլլիեթ» թերթը:
Հանդիպմանը ելույթ է ունեցել Աթաթյուրքի անվան համալսարանի գրականության ֆակուլտետի ընդհանուր սոցիոլոգիայի և մեթոդոլոգիայի բաժնի ղեկավար Յըլդըզ Աքփոլաթը: Նա քննադատել է այն երևույթը, որ դպրոցներում երեխաները հակված են բռնության և կարծիք է հայտնել, որ դրա պատճառը երեխայի ծնողներն են և նրան շրջապատող միջավայրը: Նրանից հետո ելույթ ունեցած Դումփլուփընար նախակրթական դպրոցի տնօրեն Մուստաֆա Այդընը հայտարարել է, որ երեխան այնպիսին է, ինչպիսին իր ընտանքին է: Նա մի միջոց է առաջարկել նմանօրինակ երեխաներից ազատվելու համար: «Հանցագործների արյունը թող վերցնեն և գենային քարտեզ պատրաստեն: Երբ երեխան կծնվի, թող արյան անալիզ անեն: Եթե երեխան վնասակար լինի մեր հայրենիքի, մեր երկրի համար, թող միանգամից վերացվի»,- ասել է նախակրթական դպրոցի տնօրենը: