2 րոպեի ընթերցում
ԿԱՊԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզի Տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության բարելավմանն ուղղված աշխատանքները շարունակվում են: Ինչպես «Արմենպրես»-ի` Սյունիքի թղթակցին տեղեկացրել են մարզպետարանի տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչությունից, մարզի համայնքների ղեկավարների, աշխատակազմերի աշխատակիցների մասնագիտական գիտելիքների ու աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով մարզպետաանի համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուները պարբերաբար կազմակերպում են խորհրդատվական բնույթի սեմինար-պարապմունքներ: Բացի դրանից, վերջին մեկ տարում ՀՀ տարածքային կառավարման նախարարության եւ «Հայաստանի համայնքների ասոցիացիա» ՀԿ-ի կողմից վերապատրաստվել են մարզի համայնքների 76 ղեկավարներ եւ ավագանու անդամներ: Աշխատանքներ են կատարվել նաեւ համայնքների տեխնիկական վերազինման նպատակով: Սեփական եւ արտաքին միջոցների ներգրավմամբ մարզի 70 գյուղական համայնքներ ապահովված են համակարգչային տեխնիկայով: Այդ համայնքներում գործում է ինտերնետ կապ: Համայնքների հետ հեռահաղորդակցման ապահովման ու տեղեկատվության փոխանակման օպերատիվության նպատակով մարզպետարանի օժանդակությամբ մարզի բոլոր 109 համայնքներն ունեն էլեկտրոնային հասցեներ, 5 քաղաքային համայնքներ ունեն պաշտոնական վեբ-կայքեր: