1 րոպեի ընթերցում
ԳՅՈՒՄՐԻ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ընտրողների համամասնության ապահովվման նպատակով, որոշակի փոփոխություններ է իրականացրել Շիրակի մարզի ընտրատեղամասերում: Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրեց թիվ 34 ԸԸՀ (Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով)-ի նախագահ Էդուարդ Բաղրամյանը, այդ փոփոխությունը կապված է Գյումրու նորակառույց «Մուշ 2» թաղամասի հետ: Այս փոփոխությունը, ըստ Բաղրամյանի, անխուսափելի էր, քանի որ թաղամասում շահագործման հանձնված նորակառույցների շնորհիվ ընտրողների թվի աճ է գրանցվել: Ի դեպ, մինչեւ մայիս նախատեսվում է թաղամասում նոր բնակելիների շահագործում, ինչը կրկին ընտրողների թվի աճ կարձանագրի: Նշենք, որ թիվ 34 ընտրատարածքը, որն ընդգրկում էր Գյումրի քաղաքն ամբողջությամբ, ընտրողների թվի ավելացման հաշվին, կունենա նոր ընտրատեղամաս: Սակայն դա չի նշանակում, որ կավելանա ընտրատեղամասերի թիվը, քանի որ թիվ 3 նախակրթարանում տեղակայված ընտրատեղամասը տեղափոխվել է թիվ 35 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կազմում: