Քաղաքագիտական գրքույկ` նվիրված Հարավային Կովկասի խնդիրներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լույս է տեսել Փարիզի Հայ բարեգործական բնդհանուր միության կազմում գործող Նուբարյան գրադարանի կողմից հրատարակվող «Արդիական խնդիրների հայկական հանդեսի» քաղաքագիտական շարքի հերթական թողարկումը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայկական բարեգործական ընդհանուր միությունից, թողարկումը նվիրված է Հարավային Կովկասի արդիական խնդիրներին և վերնագրված է «Հարավային Կովկաս. ազգ-պետությունները և միջազգային խաղադրույքները» Համարում ընդգրկված են ֆրանսիացի, ամերիկացի և ֆրանսահայ 12 քաղաքագետների հոդվածները` ներառված երկու հիմնական բաժինների մեջ. «Տարածքներ, ազգային կառույցներ, հակամարտություններ» և «Միջազգային խաղադրույքներ»:

Ֆրանսիայում գործող ազդեցիկ քաղաքագիտական և համալսարանական շրջանները և ԱՄՆ Ջորջթաուն համալսարանը ներկայացնող հետազոտողներն անդրադարձել են Հարավային Կովկասի այն երեք պետություններին ու ինքնորոշման ուղի բռնած պետական կազմավորումներին առնչվող արդիական խնդիրներին, ինչպես նաև Հարավային Կովկասի ուղղությամբ միջազգային ու տարածաշրջանային խոշոր դերակատարների ներգրավվածությանն ու հետապնդած նպատակներին: Հատկապես ուշագրավ են Լեռնային Ղարաբաղի հակամարտության և հայ-թուրքական հարաբերություններին նվիրված անդրադարձները: Առանձին ուսումնասիրություններ վերաբերում են մասնավորապես Ադրբեջանի, Վրաստանի, Իրանի, Ռուսաստանի և ԱՄՆ վարած քաղաքականությանը:

Գիրքը նախատեսված է Հարավային Կովկասի և ընդհանուր տարածաշրջանային խնդիրներով զբաղվող հետազոտողների, քաղաքագիտական հարցերով հետաքրքրվող ընթերցող լայն շրջանների համար:

Հայերեն