1 րոպեի ընթերցում
ԱՆԿԱՐԱ, 2 ԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի խորհրդարանում 35 պատգամավորներ ունեցող միակ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն կուսակցության» (ԽԺԿ) առաջնորդ Սալահեդդին Դեմիրթաշը դատական հայց է ներկայացրել այդ երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Նեջդեթ Օզելի դեմ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով CNNTurk հեռուստաալիքը, ԽԺԿ առաջնորդը Օզելին մեղադրում է «քաղաքականությանն ու արդարադատությանը վերաբերվող հայտարարություններ անելու մեջ»:
ԽԺԿ կենտրոնակայանից այդ մասին արված հայտարարության մեջ նշվում է, որ Օզելը ոտնահարել է Թուրքիայի Սահմանադրությունը եւ հանդես եկել իր լիազորություններից դուրս քաղաքական հայտարարությամբ` միջամտելով երկրի ներքին քաղաքականությանն ու դատարանների գործունեությանը:
Օզելը հայտարարել էր, որ Թուրքիայում քրդերենով ուսուցում եւ դատավարություններ չպետք է լինեն:
Սալահեդդին Դեմիրթաշը ժամանակ առաջ Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Նեջդեթ Օզելի վերաբերյալ ասել էր, որ իրենց մոտ «Օզելը եֆրեյտորի արժեք ունի», ինչի համար Դեմիրթաշի դեմ դատական գործընթաց է սկսել Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը: