Վարչապետը կառավարության նիստում հայտարարեց քաղաքական լուրջ որոշումների մասին
5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նիստը բացեց մի շարք հարցերի անդրադառնալով: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ի թղթակիցը, կառավարության ղեկավարի բնորոշմամբ, նիստի օրակարգը հագեցված է քաղաքական լուրջ բովանդակություն ունեցող որոշումներով:
«Փետրվարի մեկից ԶԼՄ-ներով սկսել ենք մեծ արշավ, որի նպատակն է էապես բարելավել պետության կողմից մատուցվող ծառայությունների որակը: Այս հարցում մենք հետևողական ենք լինելու: Մեր կատարած աշխատանքները տրամաբանական ավարտին հասցնելու համար անհրաժեշտ է, որ մեր քաղաքացիները իրազեկված լինեն, թե ինչ փոփոխություններ ենք իրականացնում»,- նշեց Տիգրան Սարգսյանը: Նա կարևորեց քաղաքացիների իրազեկվածությունը, ինչը հնարավորություն կտա պաշտպանել իրենց իրավունքները: Վարչապետը նշեց, որ քարոզարշավն իրականացվում է Համաշխարհային բանկի օժանդակությամբ: Այն ներկայացնում է քաղաքացիների համար ստեղծված հնարավորությունները, գործադիրի կողմից իրականացված փոփոխությունները, ինչպես նաև այդ ամենից օգտվելու հնարավորությունները:
Վարչապետը հանձնարարեց պետական գերատեսչությունների ղեկավարներին անհապաղ անդրադառնալ թեժ գծով ստացվող խնդիրների շտկմանը:
«Երկրորդ կարևորագույն փոփոխությունը վերաբերում է սոցիալական ոլորտին: Աղքատության հաղթահարման ամենակարևոր գործոնը կրթության հասանելությունն է: Այն ընտանիքները, որոնք չեն կարող երեխաներին տալ կրթություն, մշտապես ունենում են աղքատության խնդիր: Այսուհետև մեր սոցիալական ծրագրերը ուղղված են լինելու սոցիալապես անապահով խավերի համար կրթությունը հասանելի դարձնելուն»,- նշեց վարչապետը:
Դիզվառելիքը գյուղացիներին հասանելի կլինի մատչելի գներով, ինչը հնարավորություն կտա էապես ընդլայնել մշակովի հողատարածքները:
«Մենք սուբսիդվարում ենք ոչ միայն սերմացուն ու պարատանյութը, այլև դիզվառելիքը: Այն հասանելի է լինելու 350 դրամով», ասել է Տիգրան Սարգսյանը:
Գնումների շրջանակային պայմանագրերի ուսումնասիրության միջոցով կառավարությունում պարզել են, որ ամենաէժան վառելիքը մատակարարել է «Ֆլեշ» ընկերությունը, և այն ունի հնարավորություն հասցնել վառելիքը մինչև համայնքներ: Կառավարության նպատակը գյուղատնտեսության ոլորտում բարենպաստ պայմանների ստեղծումն է: «Մենք միասին երկու տարի գյուղատնտեսությունը պահում ենք ուշադրության կենտրոնում, տալիս ենք օժանդակություն, որը տալիս է շոշափելի արդյունքներ»,- ամփոփեց վարչապետը:
Տեղեկատվական տեխնոլոգիաների խորհրդում քննարկվել է Հայաստանի զարգացման առաջանցիկ դիրքերը պահպանելու խնդիրը: «Հարց էր բարձրացվել, որ գիտահետազոտական աշխատանքների իրականացման չափով նվազեցվի հարկվող շահույթը», -ասել է գործադիրի ղեկավարը:
Վերջին երեք տարիներին մեր երկիրն արձանագրել է առաջանցիկ զարգացում` հիմնված պետություն- մասնավոր համագործակցության վրա:
Խոսքը վարչապետն ամփոփեց բանակ զորակոչված երիտասարդների խնդիրներին անդրադառնալով: «Երիտասարդները ծառայում են բանակում, վերադառնում են, մշտապես խնդիր ունենք թե ինչպես է դասավորվելու նրանց կյանքը բանակից վերադառնալուց հետո»,- ասել է Սարգսյանը և հավաստիացրել, որ այսուհետև պաշտպանության ու կրթության և գիտության նախարարությունը նախարարությունները համատեղ ծրագիր են իրականացնելու երիտասարդների մասնագիտական կողմնորոշման համար: «Անհրաժեշտ է աշխատել յուրաքանչյուր զինծառայողի հետ` պարզելու ինչպիսի կարողություններ ու ցանկություն ունի երիտասարդը բանակից հետո իր կարիերան կազմակերպելու առումով»: Պետությունը բանակից սկսած օժանդակելու է զինծառայողին` բուհ կամ տեխնիկական ուսումնարան ընդունվելու կամ էլ աշխատանքի առումով: Դա կփոխի նաև մթնոլորտը բանակում, ծնողները հանգիստ կլինեն, իմանալով, որ պետությունը ապահովելու է իրենց զավակների կրթության շարունակականությունը:
Կառավարության փետրվարի 2-ի նիստի օրակարգում ընդգրկված է 50 hարց: