2 րոպեի ընթերցում
ԿԱՊԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց բանակի կազմավորման 20 ամյակի գլխավոր տոնական միջոցառումները Կապանում, Մեղրիում, Գորիսում ու Սիսիանում մեկնարկեցին այսօր առավոտյան` տարածաշրջաններում տեղակայված զորմասերից, որտեղ անցկացվեցին տոնական միտինգներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի` Սյունիքի մարզային թղթակիցը, Կապանի զորամասում միջոցառմանը մասնակցում էին մարզպետարանի, քաղաքապետարնի, զինկոմիսարիատի պատասխանատուներ, նախկին զինծառայողներ, վետերաններ, դպրոցականներ:
«Հայոց բանակը ստեղծվեց արտաքին մարտահարվերների արդյունքում: Այն կայացավ, բարձր պահեց իր ժողովրդի պատիվը: Բանակի շնորհիվ է, որ այսօր հայ ժողովուրդը լծված է խաղաղ աշխատանքի: Վստահ ենք, որ դուք միշտ ամուր կպաշտպանեք մեր հայրենիքի սահմանները: Փառք մեր բանակին, հավերժ փառք այն քաջ հայորդիներին, որոնց արյան գնով ձեռք բերվեցին հաղթանակները եւ այսօր տոնում ենք բանակի 20-ամյակը», - իր խոսքում ասաց Սյունիքի փոխմարզպետ Վաչե Գրիգորյանը եւ օրվա առիթով մարզպետ Սուրիկ Խաչատրյանի շնորհավորանքները փոխանցեց զինծառայողներին:
Զինվորական միտինգի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով զորամասի մի խումբ սպաներ, ենթասպաներ եւ պայմանագրային զինծառայողները պարգեւատրվեցին «ՀՀ ԶՈՒ 20 տարի» հոբելյանական մեդալներով, շնորհակալագրերով, թանկարժեք նվերներով: Իսկ մի խումբ ժամկետային զինծառայողներ պարգեւատրվեցին կարճաժամկետ արձակուրդով:
Միտինգն ավարտվեց ցուցադրական զինվարժություններով եւ զինվորական քայլերթով: Օրվա առիթով Կապանում անցկացվող միջոցառումները շարունակվեցին Բաղաբուրջի հուշահամալիրում, որտեղ մերօրյա պատերազմում զոհված ազատամարտիկների շիրիմներին ու Հայրենական պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրին դրվեցին ծաղկեպսակներ ու ծաղիկներ:
Այսօր նախատեսված է նաեւ փողային նվագախմբի բացօթյա համերգ Կապանի Գ.Նժդեհի անվան հրապարակում, որց հետո երեկոյան, քաղաքի մշակույթի կենտրոնի մեծ դահլիճում կանցկացվի հանդիսավոր նիստ: Դրան կհաջորդի տոնական մեծ համերգը: