4 րոպեի ընթերցում
ԳԱՎԱՌ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Վորլդ Վիժն» միջազգային բարեգործական կազմակերպությունը նոր տարում արդեն հասցրել է տարբեր ոլորտներում իրականացնել մի շարք աշխատանքներ' աջակցելով Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքների: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Վորլդ Վիժն» միջազգային բարեգործական կազմակերպության Գեղարքունիքի մարզի զարգացման ծրագրի ղեկավար Հուսիկ Սարգսյանը' նոր աշխատանքային տարվա ընթացքում մշակվում է հնգամյա ծրագիր: Տարածքային զարգացման ծրագրի շրջանակներում արդեն կատարվում են մարզի համայնքների գնահատման աշխատանքներ: Ծրագրի մշակման գործընթացը կավարտվի 2012 թ. հոկտեմբերին, որից հետո կկատարվեն ֆինանսական ներդրումներ, եւ կմեկնարկեն իրականացման աշխատանքները:
«Վորլդ Վիժն»-ը Գեղարքունքի մարզի համայնքների մրցակցային առավելություններն ուսումնասիրելու, գնահատելու աշխատանքներն իրականացնում է Գեղարքունիքի Առեւտրաարդյունաբերական պալատի հետ համատեղ: Համագործակցության արդյունքները պարզ կլինեն միայն մարտին, որից հետո բնակիչների տարբեր բնագավառներում նախատեսվող բիզնեսի համար կկատարվեն ներդրումներ:
Ծրագրի ղեկավարը հավաստեց, որ Հայրավանքի համայնքապետարանի հետ համագործակցելով' նախատեսում են վերանորոգել ոռոգման ներքին ցանցը: Կազմակերպությունը տրամադրելու է 600 մետր խողովակ, իսկ համայնքապետարանը գարնանը կսկսի շինարարական աշխատանքների իրականացումը: Ջրագծի ներքին ցանց է նախատեսվում վերանորոգել նաեւ Ծաղկաշեն համայնքում, որտեղ ՀՀ կառավարության կողմից կառուցվել է պոմպակայան:
Ամբողջությամբ քայքայված է Արփունք համայնքի ջրատարի արտաքին ցանցը, որից 500 մետրը կփոխվի կրկին «Վորլդ Վիժն»-ի միջոցներով:
Լանջաղբյուրի, Ծովազարդի միջնակարգ դպրոցների արհեստագործական դասարաններին տրվել են կարի մեքենաներ, իսկ Լճափի, Գանձակի, Ծաղկաշենի, Գեղարքունքի միջնակարգ դպրոցներին' սպորտային գույք: Գեղարքունիք համայնքում ամբողջովին փոխվել է մշակույթի տան տանիքը, որտեղ նախատեսվում է «Վորլդ Վիժն» բարեգործական կազմակերպության եւ համայնքապետարանի համատեղ ծրագրով հիմնել նախակրթարան: Նախակրթարանի հիմնանորոգումը արժի 30 միլիոն դրամ, որի 8 միլիոն դրամը կտրամադրվի համայնքի միջոցներից, իսկ մնացածը կներդնի «Վորլդ Վիժն»-ը: Լուսակունք համայնքի 2011 թվականին հիմնանորոգված մանկապարտեզի շենքի ջեռուցման խնդիրը կլուծվի այս տարի: Համաշխարհային զարգացման բանկի հետ «Վորլդ Վիժն»-ն ամռանը նախատեսում է Կարճաղբյուրում վերանորոգել մանկապարտեզի շենքը, ինչպես նաեւ բարեկարգել Գավառի մանկատան հարակից այգին: Նորոգումներ կկատարվեն Գավառի N1 ներառական դպրոցում: Նույն աղբյուրի հավաստմամբ' փոխվել է Վարդենիսի կիրակնօրյա դպրոցի տանիքը եւ ներսում այս տարի մասնակի վերանորոգումներ կիականացվեն: Չորս խաղահրապարակներ է կառուցվել Սոթք, Արտանիշ, Նորակերտ, Շատվան համայնքներում: Որոշակի աշխատանքներ կիականացվեն նաեւ գյուղատնտեսության ոլորտում. Գավառում եւ Վարդենիսում նախատեսվում է կատարել 1000 գլուխ խոշոր եղջերավոր անասունների արհեստական սերմնավորման աշխատանքներ:
«Վորլդ Վիժն» բարեգործական կազմակերպությունը կաջակցի Ավազան համայնքի
«Գարդման» գյուղատնտեսական կոոպերատիվին եւ կտրամադրի մրգի մթերման սառնարան, ինչի շնորհիվ աշնան մրգերը ձմռանը թանկ կվաճառվեն: