Գարեգին Բ կաթողիկոսը նամակ է գրել Փաշազադեին
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը նամակ է հղել Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեին: Այս մասին տեղեկատվությունը տարածել էր վարչության մամլո ծառայությունը, ինչն «Արմենպրես»-ի հետ զրույցում հաստատեց նաեւ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:
Նամակում կաթողիկոսը նշել է, որ ուրախությամբ է ողջունել շեյխին Հայաստանում` ԱՊՀ երկրների միջկրոնական խորհրդի նախագահության նիստի շրջանակներում: Վեհափառը նշել է, որ տարածաշրջանի հոգեւոր առաջնորդների հանդիպումներն ու համատեղ քննարկումները կարեւոր ավանդ են առկա խնդիրների, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության խաղաղ հանգուցալուծման գործում:
«Ռուս Ուղղափառ եկեղեցու ու Նորին սրբություն Կիրիլի միջնորդական ջանքերի շնորհիվ մեր նախորդ հանդիպումներն ու մեր ժողովրդներին եւ կառավարություններին ուղղված խաղաղության կոչերը կարեւոր քայլ հանդիսացան վստահության մթնոլորտի ձևավորման ճանապարհին»,-ասվում է նամակում:
Նոյեմբերի 28-29-ը Երեւանում կայացել է ԱՊՀ Միջկրոնական խորհրդի նախագահության նիստը, որին մասնակցել են ԱՊՀ երկրների ավանդական կրոնների առաջնորդներ ու ներկայացուցիչներ: Հանդիպմանը ներկա են եղել Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը, Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը եւ Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն: