Արամ Առաջինն ընդունել է Արմեն Աշոտյանին
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությանն այսօր ընդունել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության եւ գիտության նախարարության լրատվական բաժնից, Վեհափառը, ողջունելով հայկական պատվիրակության այցը Լիբանան, հաջողություններ է մաղթել և ներկայացրել հայկական գաղթօջախի կրթական հաստատությունների հիմնախնդիրներն ու իրականացվող ծրագրերը: Նախարար Արմեն Աշոտյանը, Վեհափառին ներկայացնելով այցի նպատակը, տեղեկացրել է Հայաստանի կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքի, Սփյուռքի կրթօջախների զարգացման հետ կապված ՀՀ կառավարության կողմից իրականացվող ծրագրերի մասին, միաժամանակ պատրաստակամություն արտահայտելով աջակցել հայկական կրթօջախների հիմնախնդիրների լուծման ու զարգացման ծրագրերին:
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման, նոր ուսումնական գրականության ստեղծման, նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման, համացանցում հայալեզու ռեսուրսների ընդլայնման, գաղթօջախների հայկական դպրոցներում կրթության որակի բարձրացման հետ կապված հարցեր:
Նախարարն այսօր Անթիլիասում այցելել է Հայ գրքի ցուցահանդես, որը նվիրված է հայ գրատպության 500-ամյակին: ՀՀ կրթության և գիտության նախարարը ծանոթացել է տարբեր տարիներին Լիբանանում և սփյուռքահայ այլ գաղթօջախներում հրատարակված հայկական գրատպության նմուշներին: