«Երգող Հայաստան» փառատոնի մարզային փուլը մեկնարկեց Գյումրիում
2 րոպեի ընթերցում
ԳՅՈւՄՐԻ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երգող Հայաստան» մանկապատանեկան երգչախմբային հանրապետական հինգերորդ փառատոնի մարզային փուլն այսօր մեկնարկեց Գյումրիում: Միջոցառումը հոբելյանական է . այն նվիրված է խմբավարային արվեստի երախտավոր Արամ Տեր-Հովհաննիսյանի ծննդյան 125- ամյակին: Փառատոնն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության եւ Հայաստանի երաժշտական ընկերության «Հայաստանի փոքրիկ երգիչներ» ասոցիացիայի նախաձեռնությամբ: Արդեն ավանդական դարձած փառատոնն անցկացվում է երկու տարիքային խմբերում՝ 7-11 եւ 12-16: Յուրաքանչյուր փուլի համար ներկայացվում է երեք երգ:
Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի աշխատակազմի Կրթության, մշակույթի, սպորտի վարչության' մշակույթի բաժնի մասնագետ Գոռ Մարգարյանը, մարզից փառատոնին մասնակցելու առաջարկ ներկայացվել է վեց երգչախմբի կողմից, սակայն մասնակցելու է հինգը: Երգչախմբերից մեկը փառատոնին մասնակցելու հնարավորություն չի ստացել' տարիքային անհամապատասխանության պատճառով:
Երգչախմբային փառատոնին մասնակցում են Արթիկի, Ախուրյանի երաժշտական դպրոցների, Գյումրիի «Ժան եւ Ալբերտ Պողոսյաններ» արվեստի քոլեջի, «Իմպոռիթմ» վարժարանի եւ Գյումրու թիվ 20 դպրոցի երգչախմբերը:
«Նախորդ տարիներին մասնակիցների թիվն ավելի մեծ էր, բայց այս տարի խիստ մոտեցում ցուցաբերվեց: Մեր կողմից, մինչ մարզային փուլը, անցկացվեց տարածքային փուլ: Փառատոնին Շիրակի մարզի երգչախմբերը սովորաբար լավ են հանդես եկել»,- նշեց Մարգարյանը:
Փառատոնի մարզային փուլերի լավագույն երգչախմբերը նոյեմբերի վերջին կմասնակցեն հանրապետական փուլին: