3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նվազագույնը երկու տարի առաջ արդեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել էր, թե Ադրբեջանի ռազմարդյունաբերությունը վերելք է ապրում, եւ շուտով զինված ուժերը գնելու են ոչ թե ամերիկյան կամ իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարքեր, այլ ադրբեջանական: Այս մասին այսօր լրագրողներին հիշեցրեց ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը' հավելելով, որ Արցախի օդային տարածքում ոչնչացված անօդաչու թռչող սարքի հետ կապված դեպքն ապացուցեց, որ դեռ երկար է հարկավոր սպասել, մինչեւ օդ կբարձրանան ադրբեջանական արտադրության «սավառնակները»:
«Կործանված թռչող սարքն իսրայելական արտադրության էր: Այդ դեպքում ո՞ւր են ադրբեջանական արտադրության անօդաչու սարքերը: Ստացվում է, որ Հայաստանը, որը երկար տարիներ լռություն էր պահպանում, ավելի զարգացած ռազմարդյունաբերություն ունի, քան Ադրբեջանը, որն առանձին նախարարություն ունի ռազմաարդյունաբերության համար»,- նշեց Ա. Հովհաննիսյանը' հավելելով, որ շատ դեպքերում կոռումպացված Ադրբեջանում երկու նախարարությունները' պաշտպանության եւ ռազմարդյունաբերության, փորձում են ավելի շատ գումարներ կորզել, որի արդյունքում «տուժում» են միայն Ադրբեջանի զինված ուժերը:
«Մեր հարեւան պետությունում իրական հակամարտություն կա երկու նախարարությունների ու նախարարների միջեւ: Երկուսն էլ ուզում են շատ գումար վաստակել' միաժամանակ լինելով տարբեր քաղաքական հայացքների տեր մարդիկ: Եթե պաշտպանության նախարարն անգամ ազգությամբ ադրբեջանցի չէ եւ սովետական ռազմական դպրոցի ներկայացուցիչ է, ապա ռազմարդյունաբերության նախարարն ավելի շատ իր ուշադրությունը կենտրոնացնում է դեպի իսլամական աշխարհն ու չի վստահում պաշտպանության նախարարության ընտրած մարտավարությանը»,- նշեց Ա. Հովհաննիսյանը:
Հոգեբան Սամվել Խուդոյանի հավաստմամբ' Երեւանում կայացած զորահանդեսը խորը հետք է թողել ոչ միայն ադրբեջանական հասարակության վրա, այլեւ իշխող վերնախավի: «Այժմ նրանք փորձում են օգտագործել բոլոր հնարավոր լծակները արդարացումներ փնտրելու ու ներկայացնելու համար: Դրանց թվին է պատկանում հատկապես ռուսական 102-րդ բանակային կորպուսի մասնակցությունը երեւանյան զորահանդեսին: Ադրբեջանական գրեթե բոլոր լրատվականները միաձայն բացականչում էին, թե դա ապացույց է նրա, որ Հայաստանի ռազմական հզորությունը պայմանավորված է միայն Ռուսաստանով»,- նշեց հոգեբանը' ընդգծելով, որ ամեն դեպքում, բոլոր թյուր բացատրություններն ու խեղաթյուրված մեկնաբանությունները ոչ մասնագետների կողմից ապացույցն են նրա, որ Ադրբեջանն անընդունակ է լուրջ քաղաքական վերլուծություններ ու հետեւություններ անելու: