Տարածաշրջանային

Ալի Խամենեի. «Իսլամական աշխարհը բախտորոշ օրեր է ապրում»

2 րոպեի ընթերցում

ԹԵՀՐԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսլամական աշխարհը բախտորոշ օրեր է ապրում, չի կարելի իմպերիալիզմի ուժերին թույլ տալ օգտվելու իրադրությունից: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նախօրյակին հայտարարել է Իրանի ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին:

«Եգիպտոսում, Թունիսում, Եմենում, Լիբիայում, Բահրեյնում եւ մի քանի այլ երկրներում տեղի ունեցող իրադարձությունները բախտորոշ են իսլամական աշխարհի համար: Եթե մահմեդական ազգերը հաղթանակ տանեն նրանց նկատմամբ, ովքեր փորձում են միջամտել ներքին գործերին, ապա նրանց առաջընթացի տեւական ժամանակաշրջան է սպասում: Բայց, եթե իմպերիալիզմի, հեգեմոնիզմի եւ սիոնիզմի ուժերը, ներառյալ ԱՄՆ-ի բռնակալական ու բռնապետական ռեժիմը, կարողանան տեղի ունեցող իրադարձությունները շրջել իրենց օգտին, ապա իսլամական աշխարհը կբախվի հսկայական խնդիրների, որոնք նրա առջեւ կծառանան տասնամյակների ընթացքում»,- հայտարարել է Իրանի առաջնորդը:

Պաշտոնական Թեհրանն ի սկզբանե պաշտպանել է Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի պետություններում տեղի ունեցած ժողովրդական ապստամբությունները' դրանք որակելով «իսլամական արթնացում»: Բացառություն է կազմում միայն Սիրիան, որը տարածաշրջանում Իսլամական Հանրապետության մերձավոր դաշնակիցն է: Դրա հետ մեկտեղ Իրանի պաշտոնատարները քանիցս բողոք են հայտնել օտարերկրյա միջամտության դեմ, մասնավորապես, Լիբիայում եւ Բահրեյնում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում