ԵԱՀԿ գրասենյակը խթանում է մարդու իրավունքների կրթությունը Հայաստանում
2 րոպեի ընթերցում
ՎԱՆԱՁՈՐ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի տարբեր մարզերի միջնակարգ դպրոցներից թվով երեսուն ուսուցիչ մասնակցում է մարդու իրավունքների երեքշաբաթյա դասընթացի, որ մեկնարկել է այսօր Վանաձորում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵԱՀԿ գրասենյակից՝ դասընթացը, որը կազմակերպվել է «Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոն» (ՀՍԻԿ) մարզային հասարակական կազմակերպության կողմից' ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ, նպատակ ունի կատարելագործելու հասարակագիտության ուսուցիչների մարդու իրավունքների գիտելիքները եւ գործնական հմտությունները:
«ԵԱՀԿ-ն հատուկ ուշադրություն է դարձնում մարդու իրավունքների կրթությանը, քանի որ այն կարեւոր է երկրում ժողովրդավարական բարեփոխումների համար»,- ասել Է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի մարդու իրավունքների հարցերով պատասխանատու Վլադիմիր Չունթուլովը: «Ուսուցիչների դերը կարեւոր է հաջորդ սերնդի շրջանում մարդու իրավունքների արժեքների խթանման գործում, եւ այս դասընթացը կօգնի նրանց կատարելագործել իրենց գիտելիքները, ինչպես նաեւ երիտասարդներին մարդու իրավունքների մարտահրավերների մասին ուսուցանելու հմտությունները»:
Ծրագիրը ներառում է պետական կրթական ծրագրին համապատասխան' մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ դասախոսություններ եւ քննարկումներ' հատուկ ուշադրություն դարձնելով երեխայի իրավունքներին: Դասընթացները կվարեն միջազգային կազմակերպությունների' այդ թվում ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի, Եվրոպայի խորհրդի եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի փորձագետները:
Դասընթացին կհաջորդի մեկամյա հեռավար ուսուցման գործընթաց, որը կնպաստի ուսուցիչների' նոր տեղեկատվության յուրացմանը եւ կիրառմանը պրակտիկայում: ՀՍԻԿ-ի ներկայացուցիչները կդիտարկեն եւ կգնահատեն ուսումնական գործընթացը դպրոցներում ավելի ուշ այս տարի:
Ծրագիրն իրականացվում է որպես 2010թ. դեկտեմբերին ԵԱՀԿ գրասենյակի ու ՀՀ գիտության եւ կրթության նախարարության միջեւ ստորագրված հուշագրի մաս, որի նպատակներց մեկն է խթանել մարդու իրավունքների կրթությունը բոլոր մակարդակներում: