4 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Այսօր ՀՀ նախագահի նստավայրում նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը` ի դեմս ՀՀԿ խորհրդի նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանի, եւ «Բարգավաճ Հայաստանե կուսակցությունը` ի դեմս կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի, ելնելով մայիսի 12-ին կայացած ընտրությունների արդյունքից` ՀՀ նախագահի աջակցությամբ ստորագրել են համաձայնագիր քաղաքական կոալիցիա ստեղծելու վերաբերյալ: Քաղաքական կոալիցիան իր հերթին Հայ յեղափոխական դաշնակցության հետ` ի դեմս ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի, ստորագրել է համագործակցության համաձայնագիր: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, քաղաքական կոալիցիայի ստեղծման հիմնական նպատակն է Ազգային Ժողովի չորրորդ գումարման ժամանակահատվածում ձեւավորել հասարակության առավել մեծ վստահությունը վայելող, արդյունավետ գործող օրենսդիր եւ գործադիր իշխանություն, ապահովել նախընթաց տարիների ձեռքբերումների կայուն, շարունակական զարգացումը: Ստորագրված փաստաթղթերն ուղղված են նաեւ Հանրապետական եւ «Բարգավաճ Հայաստանե կուսակցությունների նախընտրական ծրագրերի համադրմամբ կառավարության գործունեության միասնական ծրագրի մշակմանը, կառավարության գործունեության ծրագրի եւ ՀՅԴ-ի նախընտրական ծրագրի մեծապես համընկնող նպատակների իրականացմանը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության առջեւ ծառացած մարտահրավերների արդյունավետ դիմակայմանը: Քաղաքական կոալիցիայի կողմերը գործելու են որոշումների ընդունման գործընթացում քաղաքացիական հասարակության ներգրավման, պետական մարմինների գործունեության հրապարակայնության եւ թափանցիկության ապահովման, բարձրաստիճան պետական պաշտոնյաների հաշվետվության արդյունավետ մեխանիզմների կիրառման հիման վրա: Քաղաքական կոալիցիայի եւ համագործակցության կողմերը պարտավորվել են իրականացնել միասնական քաղաքականություն` միմյանց եւ հանրապետության նախագահի հետ համագործակցությամբ: Նրանք պարտավորվել են ամեն ջանք գործադրել կառավարության ծրագրի արդյունավետ իրականացման համար, ապահովել համաձայնագրերի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը իշխանության օղակներում գործող իրենց անդամների եւ իրենց երաշխավորված անձանց կողմից, չձեռնարկել այնպիսի քայլեր, որոնք կարող են ուղղակիորեն կամ անուղղակիորեն վնասել համաձայնագրերում ամրագրված նպատակներին: Քաղաքական կոալիցիան եւ համագործակցությունն իրենց ծրագրային եւ քաղաքական առաջնահերթություններ են հռչակել տնտեսության կայուն եւ անվտանգ զարգացումը` ստվերային տնտեսության էական կրճատմամբ, եկամուտների բաշխման առավել արդարացի մեխանիզմների կիրառմամբ, արտահանման կողմնորոշում ունեցող արտադրության խրախուսումը, կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության մեծացումը, սահմանադրական փոփոխություններին օրենսդրության համապատասխանեցման ամբողջացումը, իշխանության թեւերի միջեւ հակակշիռների եւ զսպումների լիարժեք համակարգի ձեւավորման սահմանադրական երաշխիքների արմատավորումը երկրի օրենսդրության մեջ եւ քաղաքական համակարգում, քաղաքացիական հասարակության ամրապնդման համար նպաստավոր պայմանների ապահովումը, պետական ծառայության բարեփոխումների ավարտումը` ձեւավորելով ազնիվ եւ արդյունավետ գործող կառավարման համակարգ: Համաձայնագրերով սահմանված են նաեւ պետական կառավարման համակարգում քաղաքական կոալիցիայի եւ համագործակցության ձեւաչափերը: