Տարածաշրջանային

Այաթոլլա Ալի Խամենեին Արեւմուտքին մեղադրել է Իրանում կատարված պայթյուններին մեղսակից լինելու մեջ

2 րոպեի ընթերցում

Այաթոլլա Ալի Խամենեին Արեւմուտքին մեղադրել է Իրանում կատարված պայթյուններին մեղսակից լինելու մեջ

ԹԵՀՐԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն ղեկավար այաթոլլա Ալի Խամենեին չորեքշաբթի հայտարարել է, որ Իրանի հարավ-արեւմուտքում կատարված պայթյունների հետեւում կանգնած են Վաշինգտոնը, Լոնդոնը եւ Թել Ավիվը: Երկու մահապարտ ահաբեկիչներ հուլիսի 15-ին իրենց պայթեցրել են Իրանի հարավ-արեւելքի Սիստան եւ Բելուջստան նահանգի վարչական կենտրոնի` Զահեդան քաղաքի մզկիթներից մեկի առջեւ, ինչի հետեւանքով զոհվել է 27 եւ տուժել ավելի քան 300 մարդ:

Պայթյունների համար պատասխանատվությունն ստանձնել է «Ջունդուլլահ» ապստամբական խմբավորումը, որը հայտարարել է, թե ահաբեկչական գործողությունը պատասխան էր իր առաջնորդ Աբդուլմալեք Ռիգիի մահապատժին, որին Իրանի իշխանությունները կախաղան էին հանել հունիսի սկզբին: Պայթյուններն իրականացնեողները Ռիգիի ազգականներն էին: «Զահեդանում այդ քստմնելի դավադրության նպատակը, որը կազմակերպել էին ԱՄՆ-ի, Իսրայելի եւ Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունները, շիաների եւ սուննիների միջեւ միջկրոնական պառակտում առաջացնելն էր»,- ասված է Զահեդանում կատարված ահաբեկության կապակցությամբ Խամենեիի ուղերձում:

Նրա խոսքով` Իսլամական Հանրապետությունն ամենայն լրջությամբ կպայքարի իր թշնամիների դեմ, որոնք «սպառնում են Իրանի միասնությանն ու անվտանգությանը»: «Այդ ահաբեկչական գործողությունը կազմակերպած Իրանի թշնամիների հիմնական նպատակներից մեկը շիաների եւ սուննիների մեջ պառակտում մտցնելն էր: Սակայն Իսլամական Հանրապետությունը թույլ չի տա նրանց հասնելու իրենց նպատակին: Երկրի իշխանության բոլոր երեք ճյուղերն էլ պարտավոր են ամենայն լրջությամբ պայքարելու թշնամիների դեմ, որոնք սպառնում են Իրանի միասնությանն ու անվտանգությանը»,- ասված է ուղերձում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում