Գավառ-Նովոռոսիյսկ բարեկամությունը շարունակվում է

3 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շարունակվում է Գեղարքունիքի մարզի Գավառ եւ Ռուսաստանի Դաշնության Նովոռոսիյսկ քաղաքների միջեւ բարեկամությունը: Եղբայր քաղաքներում իրականացվում են փոխադարձ այցեր ու համագործակցությանը միտված գործնական քայլեր, որոնց մասին 2008 թվականին ստորագրվել է հուշագիր: Հունիսի 24-ին Նովոռոսիյսկից ժամանած քառանդամ պատվիրակությունը հյուրընկալվել է Գավառում:

Առաջին օրը պատվիրակությունը ճանաչողական այցով եղել է Հայաստանի պատմամշակութային վայրերում: Հունիսի 25-ին պատվիրակության անդամներին ընդունել է Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը: Ընդունելության ժամանակ հյուրերը մարզի ղեկավարության հետ զրուցել են իրենց տպավորությունների եւ ծրագրված անելիքների մասին: Ջերմ ընդունելությունն ամրագրվել է փոխադարձ նվերներով: Նովոռոսիյսկցիները Գեղարքունիքի մարզպետին նվիրել են իրենց հարազատ քաղաքը խորհրդանշող հուշանվերներ, իսկ Ն. Պողոսյանից ստացել գեղեցիկ սրբապատկերներ:

Այնուհետեւ պատվիրակությանը հյուրընկալել է Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը: Նրանք մասնակցել են Գավառի մի փողոցի վերանվանման արարողությանը: Եղբայր քաղաքների բարեկամության պատվին, քաղաքի ավագանու որոշմամբ, Գավառի «Գրիգոր Լուսավորիչ» փողոցի մի հատվածը վերակոչվել է «Հերոս քաղաք Նովոռոսիյսկի փողոց»: Հյուրերը քաղաքապետարանի շենքի ճեմասրահում դիտել են քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող մշակութային հաստատությունների կողմից ստեղծված ձեռքի աշխատանքների ցուցահանդեսը:

Քաղաքապետի կողմից նրանք արժանացել են շքեղ հյուրասիրության, միմյանց հետ փոխանակել նվերներ: Հյուրերը ուղեւորվել են Գավառի Ս. Աստվածածին եկեղեցի, ուր նրանց իր ջերմ ընդունելությամբ պատվել է Գեղարքունյաց թեմի առաջնորդը: Եկեղեցու բակում պատվիրակության անդամ «Տրաստ» բանկի Նովոռոսիյսկի մասնաճյուղի կառավարիչ Գուրգեն Պողոսովը եւ «Նովոռոսիյսկի թռչնաբուծական ֆերմայի» տնօրեն Վլադիմիր Մխիթարյանը տնկել են մշտականաչ եղեւնիներ: Օրն ավարտվել է հյուրերի ճանաչողական այցով Նորատուսի խաչքարեր:

Այսօր պատվիրակության անդամները Գավառի ղեկավարության ուղեկցությամբ կլինեն Հայաստանի տեսարժան վայրերում: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեց Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, իրենց նպատակն է համախմբել Նովոռոսիյսկի հայ ներդրողներին եւ նրանց աջակցությամբ Գավառում բացել աշխատատեղեր, հիմնարկներ: «Մենք այդ ուղղությամբ լուրջ աշխատանքներ ենք տանում»,-ասաց նա: Նշենք, որ Նովոռոսիյսկում ապրում է ավելի քան 30 հազար հայ:

Հայերեն

Սամարայի մարզում «Օզոն» ընկերության պահեստի վրա հարձակումից հետո ավելի քան 500 աշխատող է տարհանվել

Սպիտակում մեկնարկել է «ՖՐԵՍԿՈ» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային ներառական 13-րդ փառատոնը

Սև ծովում անօդաչուն հարվածել է թուրքական ընկերության կողմից շահագործվող նավին, կա անհետ կորած

Իրանը հայտարարել է պաշտպանականից հարձակողական ռազմական դոկտրինի անցնելու մասին

Գերմանիան 50 միլիոն եվրո մարդասիրական օգնություն կտրամադրի Ուկրաինային

Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը

Իրաքը հայտարարել է, որ Իրանը թույլատրել է որոշ իրաքյան նավթատար նավերի տարանցիկ անցնել Հորմուզի նեղուցով

Երևանում կկառուցվի թենիսի 4 կորտ և ֆուտբոլի ու բասկետբոլի համար նախատեսված մարզադաշտ

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 630 տոննա ցորեն և 36 տոննա պրոպան

Օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում օգոստոսի 23-24-ին կբարձրանա 5-6 աստիճանով