Տնտեսություն

Գավառ-Նովոռոսիյսկ բարեկամությունը շարունակվում է

3 րոպեի ընթերցում

Գավառ-Նովոռոսիյսկ բարեկամությունը շարունակվում է

ԳԱՎԱՌ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շարունակվում է Գեղարքունիքի մարզի Գավառ եւ Ռուսաստանի Դաշնության Նովոռոսիյսկ քաղաքների միջեւ բարեկամությունը: Եղբայր քաղաքներում իրականացվում են փոխադարձ այցեր ու համագործակցությանը միտված գործնական քայլեր, որոնց մասին 2008 թվականին ստորագրվել է հուշագիր: Հունիսի 24-ին Նովոռոսիյսկից ժամանած քառանդամ պատվիրակությունը հյուրընկալվել է Գավառում:

Առաջին օրը պատվիրակությունը ճանաչողական այցով եղել է Հայաստանի պատմամշակութային վայրերում: Հունիսի 25-ին պատվիրակության անդամներին ընդունել է Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը: Ընդունելության ժամանակ հյուրերը մարզի ղեկավարության հետ զրուցել են իրենց տպավորությունների եւ ծրագրված անելիքների մասին: Ջերմ ընդունելությունն ամրագրվել է փոխադարձ նվերներով: Նովոռոսիյսկցիները Գեղարքունիքի մարզպետին նվիրել են իրենց հարազատ քաղաքը խորհրդանշող հուշանվերներ, իսկ Ն. Պողոսյանից ստացել գեղեցիկ սրբապատկերներ:

Այնուհետեւ պատվիրակությանը հյուրընկալել է Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը: Նրանք մասնակցել են Գավառի մի փողոցի վերանվանման արարողությանը: Եղբայր քաղաքների բարեկամության պատվին, քաղաքի ավագանու որոշմամբ, Գավառի «Գրիգոր Լուսավորիչ» փողոցի մի հատվածը վերակոչվել է «Հերոս քաղաք Նովոռոսիյսկի փողոց»: Հյուրերը քաղաքապետարանի շենքի ճեմասրահում դիտել են քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող մշակութային հաստատությունների կողմից ստեղծված ձեռքի աշխատանքների ցուցահանդեսը:

Քաղաքապետի կողմից նրանք արժանացել են շքեղ հյուրասիրության, միմյանց հետ փոխանակել նվերներ: Հյուրերը ուղեւորվել են Գավառի Ս. Աստվածածին եկեղեցի, ուր նրանց իր ջերմ ընդունելությամբ պատվել է Գեղարքունյաց թեմի առաջնորդը: Եկեղեցու բակում պատվիրակության անդամ «Տրաստ» բանկի Նովոռոսիյսկի մասնաճյուղի կառավարիչ Գուրգեն Պողոսովը եւ «Նովոռոսիյսկի թռչնաբուծական ֆերմայի» տնօրեն Վլադիմիր Մխիթարյանը տնկել են մշտականաչ եղեւնիներ: Օրն ավարտվել է հյուրերի ճանաչողական այցով Նորատուսի խաչքարեր:

Այսօր պատվիրակության անդամները Գավառի ղեկավարության ուղեկցությամբ կլինեն Հայաստանի տեսարժան վայրերում: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեց Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, իրենց նպատակն է համախմբել Նովոռոսիյսկի հայ ներդրողներին եւ նրանց աջակցությամբ Գավառում բացել աշխատատեղեր, հիմնարկներ: «Մենք այդ ուղղությամբ լուրջ աշխատանքներ ենք տանում»,-ասաց նա: Նշենք, որ Նովոռոսիյսկում ապրում է ավելի քան 30 հազար հայ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում