Հայաստանում հունվարի 1-15-ն արձանագրվել է 79 ճանապարհատրանսպորտային պատահար

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հունվարի 1-15-ն արձանագրվել է 79 ճանապարհատրանսպորտային պատահար, որի արդյունքում զոհվել է 7 մարդ, 124-ը վիրավորվել: Ինչպես այսօր հրավիրված մամլո ասուլիսում տեղեկացրեց Հայաստանի ճանապարհային ոստիկանության պլանավորման հաշվառման եւ վերլուծության բաժնի պետ Հայկ Սարգսյանը, 2009-ի նույն ժամանակահատվածի համեմատ ճանապարհատրանսպորտային պատահարների թիվն աճել է 42-ով, վիրավորներինը` 63-ով, իսկ զոհերի թիվը նվազել 1-ով: Հ. Սարգսյանի խոսքով, տոնական օրերին ՀՀ ճանապարհային ոստիկանությունը գործել է խստացված ռեժիմով, եւ թյուր է այն կարծիքը, թե այդ օրերին ոստիկանների կողմից եղել է հսկողության թուլացում: 2009 թվականին հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 2002 պատահար, որոնց արդյունքում զոհվել է 325, տարբեր տեսակի վնասվածք ստացել 2753 մարդ: Ըստ Հ. Սարգսյանի` 2009-ին այդ պատահարները 2008-ի համեմատ նվազել են 200-ով, զոհերի թիվը` 82-ով, իսկ վնասվածներինը` 372-ով: Նրա վստահեցմամբ, վերջին 6 տարիներին ճանապարհատրանսպորտային պատահարների այսպիսի նվազում չի եղել: Հ. Սարգսյանն այս հաջողությունը կապում է ճանապարհային ոստիկանության աշխատակիցների ճիշտ եւ արդյունավետ աշխատանքի, զգոնության, կարգ ու կանոնի պահպանման հետ: «Այսուհետ եւս անցկացվելու են համալիր միջոցառումներ` ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը նվազագույնի հասցնելու համար: Իհարկե, ոչ ոք չի կարող բացառել նման պատահարները, սակայն նվազեցնել դրանց թիվը մենք պարտավոր ենք: Բոլորս միասին պետք է պահպանենք երթեւեկության կաննոները` պատահարներից զերծ մնալու համար»,- ասաց Հ. Սարգսյանը: Ըստ նրա` ճանապարհատրանսպորտային պատահարներն հիմնականում առաջանում են վարորդների կողմից արագության գերազանցման, ճանապարհային կանոներին չենթարկվելու, ոչ սթափ վիճակում երթեւեկություն իրականացնելու պատճառով: Հ. Սարգսյանն այս գործոնների մեջ մեծ տեղ է հատկացնում նաեւ հետիոներին, քանի որ, ըստ նրա, ճանապարհատրանսպորտային պատահարներում մեծ է նաեւ նրանց մեղքը: Ըստ Հ. Սարգսյանի` այս պատահարների 75 տոկոսն իրականանում է վարորդների մեղքով, իսկ մնացածը` բնակլիմայական պայմանների, այլ խոչնդոտների պատճառով: Նշենք, որ նախորդ տարի ՀՀ ճանապարհային ոստիկանների կողմից արձանագրվել է ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման 675 հազար դեպք: Ի դեպ, ըստ միջազգային վիճակագրության, ավտոմեքենան 12 անգամ ավելի վտանգավոր է մարդու համար, քան ծովային փոխադրամիջոցը, 8 անգամ` քան երկաթուղին, եւ 4 անգամ` քան օդային տրանսպորտը:

Հայերեն