1 րոպեի ընթերցում
ԱՆԹԻԼԻԱՍ, 11 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի հայրապետական հռչակագրով 2010 թվականը հայտարարվել է «Հայ կնոջ տարի»: Հռչակագիրն ընթերցվել է հունվարի 10-ին Անթիլիասի Սբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարում ս. պատարագի ընթացքում: Նորին Սրբությունն իր պատգամում մասնավորապես անդրադարձել է հայ եկեղեցու կյանքում հայ կնոջ դերին` նշելով վերջինիս ունեցած եւ ունենալիք ներդրումը հավատքի առաքելության մեջ: Անդրադարձ է եղել հայ կնոջ դերին հայոց պատմության մեջ՝ որպես մայր, որպես հասարակական գործիչ, որպես մտավորական: Վեհափառ Հայրապետը կարեւորել է հայ կնոջ առաքելությունը ներկա ժամանակներում` նրա դիմագրաված մարտահրավերներով ու տագնապներով, դժվարություններով ու, մանավանդ, ակնկալած իրավունքներով: Վեհափառ Հայրապետն իր պատգամում նաեւ նշել է, որ հայ կնոջ առաքելությունը չպետք է սահմանափակված մնա հայ ընտանիքի նեղ շրջանակում, արժանիքներով օժտված կանանց նաեւ պատասխանատու պաշտոններ պետք է վստահել: «Հայ կնոջ տարին» կարժեւորվի տարբեր նախաձեռնություններով եւ միջոցառումներով, որոնք տեղի կունենան ամբողջ տարվա ընթացքում: