2 րոպեի ընթերցում
ԳՅՈՒՐՄԻ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (սեփ. թղթ.Արմենուհի Մխոյան): Հունիսի 28- ին Շիրակի մարզի Արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության վարչություններն ահազանգ են ստացել քաղաքի տարբեր հատվածներում միաժամանակ Էü-1 տիպի և հակատանկային կոմուլյատիվ ականների հայտնաբերման մասին: Առաջին ականը հայտնաբերվել է Գյումրիի բնակիչ Ա. Մխիթարյանի կողմից Վարդբաղի մատուռից 150մ բարձրության վրա: Փրկարարական ականազերծող խումբը, հայտնաբերված ելակետային վիճակում գտնվող մարտական Էü-1 տիպի պայթուցիկ նռնակը վնասազերծեց` պայթեցման եղանակով: Նույն օրը հայտնաբերված մյուս ականը գտնվել է Երևանյան խճուղու սկզբնամասում` իրականացվող շինարարական աշխատանքներում օգտագործվող ավազի մեջ: Այս անգամ հայտնաբերվածը մարտական, չօգտագործված հակատանկային կոմուլյատիվ ական էր: Հայտնաբերված ականը տարածքից հեռացվեց քաղպաշտպանության վարչության աշխատակիցների կողմից: Նշենք, որ սա արդեն երկրորդ դեպքն էր, երբ շինարարության համար օգտագործվող ավազի միջից հայտնաբերվել է մարտական ական, ընդ որում, այս երկու դեպքերում էլ ավազը բերված էր Ախուրյանի ավազի հանքերից : Արտակարգ իրավիճակների վարչության Շիրակի մարզային ծառայությունը պատրաստվում է ուսումնասիրություններ իրականացնել Ախուրյանի ավազի հանքերում, իսկ մինչ ուսումնասիրությունների ավարտը, վարչությունը, դիմելու է համապատասխան կառույցներին` որոշակի ժամանակահատվածում հանքերի ավազի օգտագործման արգելման առաջարկով: