ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը հանդիպել Է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հեյկի Տալվիթիեի հետ

3 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանի հանդիպումը երկօրյա այցով Ստեփանակերտ ժամանած Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հեյկի Տալվիթիեի հետ: Ինչպես հայտնեցին ԼՂՀ նախագահին առընթեր տեղեկտվության գլխավոր վարչությունից, հանդիպման ընթացքում պրն Թալվիթիեն ասել է, որ Եվրամիությունը ծայրաստիճան շահագրգռված է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմամբ: Այդ կապակցությամբ նա նշել է, որ ԵՄ-ը պատրաստ է աջակցել ցանկացած նախաձեռնության, ցանկացած դրական առաջխաղացման խաղաղ գործընթացում: Չափազանց կարեւոր է, ընդգծել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը, որ հակամարտության կողմերի միջեւ ստեղծվի փոխվստահության մթնոլորտ, առանց որի անհնար է հասնել դրական արդյունքների բանակցային գործընթացում: Իր կողմից Արկադի Ղուկասյանը երախտագիտություն է հայտնել Հեյկի Տալվիթիեին Լեռնային Ղարաբաղ նրա այցի համար, ինչը վկայում է հակամարտության տարածաշրջանում գործերի ռեալ իրավիճակին ծանոթանալու եւ ճգնաժամի հաղթահարմանը նպաստելու Եվրամիության անկեղծ ցանկության մասին: Նա պաշտպանել է ԵՄ հատուկ ներկայացուցչի կարծիքը՝ հակամարտող կողմերի միջեւ վստահության կամուրջներ անցկացնելու անհրաժեշտության մասին: Միաժամանակ ԼՂՀ նախագահը նշել է, որ ղարաբաղյան կողմը մեկ անգամ չէ Ադրբեջանին առաջարկել գնալ վստահության մթնոլորտի ստեղծմանն ուղղված համատեղ միջոցների իրականացման ուղղությամբ, սակայն համանման պատասխան Բաքվի կողմից այդպես էլ չեղավ: Արկադի Ղուկասյանը հատուկ ընդգծել է Ադրբեջանում հակահայկական հիստերիայի ուժեղացման, ի դեմս հայի` թշնամու կերպարի արմատավորման վտանգը, ինչը միայն հեռացնում է կարգավորման հեռանկարը: ԼՂՀ ղեկավարը հերթական անգամ արտահայտվել Է բանակցություններին ղարաբաղյան կողմի իրավահավասար մասնակցության անհրաժեշտության օգտին, առանց որի կարգավորման հասնելը առավել քան հիմնախնդրային է դառնում: Խոսելով Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող գործընթացների մասին, Արկադի Ղուկասյանն ասել է, որ հասարակական-քաղաքական բոլոր բնագավառների ժողովրդավարացումը ԼՂՀ-ում կրում է անշրջելի բնույթ: Լեռնային Ղարաբաղը ձգտում է իր ներդրումն ունենալ ինտեգրացիոն գործընթացներում, դառնալ եվրոպական ընտանիքի բաղկացուցիչ մաս: Զրույցի մասնակիցները դրական են գնահատել հրադադարի ռեժիմի պահպանման փաստը եւ արտահայտվել են ուժային մեթոդներով հակամարտությունը լուծելու փորձերի անթույլատրելիության օգտին: Վերջում ԼՂՀ նախագահը հույս է հայտնել, որ եվրակառույցների ներկայացուցիչների այցերը Լեռնային Ղարաբաղ կկրեն պարբերական բնույթ:

Հայերեն