Հայաստանը կոռուպցիայի դեմ պայքարում այն երկրների շարքում է, որոնք փորձում են հարցը լուծել ինստիտուցիոնալ ճանապարհով
4 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ( թղթ. Էլմիրա Բաղդասարյան): Հունիսին Հայաստանը մասնակցել է Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության կենտրոնական գրասենյակում տեղի ունեցած կոռուպցիայի դեմ պայքարի ստամբուլյան գործողությունների պլանի երկրորդ հանդիպմանը, որին մեր երկրից բացի, մասնակցել են նաեւ Ադրբեջանը, Վրաստանը, Ղրղզստանը, Ռուսասատանի Դաշնությունը, Տաջիկստանը եւ Ուկրաինան: Հանդիպման նպատակն էր քննարկել Հայաստանի եւ Ադրբեջանի կոռուպցիայի դեմ պայքարի ազգային ծրագրերը եւ դրանց վերաբերյալ փորձագետների առաջարկությունները: Այսօր ՀՀ կառավարությունում հրավիրված ասուլիսի ժամանակ ներկայացնելով զեկույցը, ՀՀ արդարադատության փոխնախարար Տիգրան Մուկուչյանը նշեց, որ Կոռուպցիայի դեմ պայքարի Հայաստանի զեկույցը բաղկացած է եղել երեք բաժնից՝ կոռուպցիայի դեմ պայքարի ազգային քաղաքականություն եւ ինստիտուտներ, օրենսդրություն եւ կոռուպցիայի քրեականացում, պետական ծառայության հրապարակայնություն: Սրանցից յուրաքանչյուրը պարունակել է ենթաբաժիններ՝ նպատակ հետապնդելով ներկայացնել ամբողջական եւ լրիվ տեղեկատվություն կանոնակարգված խնդիրների, լուծման փուլում գտնվող հիմնահարցերի ու բոլոր այն ուղղությունների վերաբերյալ, որոնց կարգավորման համար փնտրվում են լուծումներ: Ներկայացված զեկույցի վերաբերյալ տրվել են ընդհանուր գնահատականներ, մասնավորապես, արձանագրվել է, որ Հայաստանը կոռուպցիան դիտում է որպես երկրի առջեւ ծառացած լուրջ խնդիր եւ ձեռնարկում է օրենսդրական ու գործնական քայլեր՝ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ: Նշվել է, որ Հայաստանն արձանագրել է առաջընթաց կոռուպցիայի դեմ պայքարում եւ այն երկրների շարքում է, որոնք փորձում են այս հարցը լուծել ինստիտուցիոնալ ճանապարհով: Առաջարկվել է կատարել առանձին ուսումնասիրություն՝ կապված օրենսդրական դաշտի կատարելագործման հետ, անցկացնել օրենսդրական եւ գործնական միջոցառումներ իրավապահ մարմինների աշխատանքի համակարգման եւ համագործակցության արդյունավետության բարձրացման, քրեական պատասխանատվության խստացման, պետական ծառայության համակարգում կամայական որոշումների ընդունումը բացառելու, տեղեկատվության մատչելիությունն ապահովելու, վողերի լվացումը կանխելու, իրավաբանական անձանց համար քրեական պատասխանատվություն սահմանելու ուղղությամբ: Այս բոլոր առաջարկությունները համահունչ են Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարության ծրագրի հետ ,եւ բխում են ծրագրով նախատեսված միջոցառումներից: Ըստ պետական կառավարման բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Արմեն Խուդավերդյանի, զեկույցի քննարկման արդյունքում առաջարկվել է նաեւ ստեղծել մասնագիտացված հակակոռուպցիոն պայքարի կառույց, սակայն քանի որ տեղեկացվել է, որ ՀՀ նախագահի հրամանագրով արդեն ստեղծվել է հակակոռուպցիոն պայքարի խորհուրդ, որի ներքո պետք է ստեղծվի նաեւ հակակոռուպցիոն պայքարի ծրագրի մոնիտորինգի հանձնաժողով՝ հասարակական կազմակերպությունների եւ լրատվամիջոցների մասնակցությամբ, առաջարկությունը հանվել է: Նա չցանկացավ մանրամասնել Ադրբեջանի զեկույցը, միայն նշեց, որ եթե Թրանսպերենսի ինտերնեշնլ կազմակերպության հետազոտության արդյունքներով, Հայաստանը զբաղեցնում է 78-րդ հորիզոնականը 133-րդ պետությունների շարքում, ապա Ադրբեջանը 125-րդ հորիզոնականում է: Տ.Մուկուչյանի գնահատմամբ, կոռուպցիայի դեմ պայքարի գործնական քայլ կարելի է համարել պետական ծառայության համակարգի կայացումը, քաղաքացիական ծառայության, լիցենզավորման, ատեստավորման մեխանիզմների կատարելագործումը, «Վարչական վարույթի, վարչարարության հիմունքների մասինե ՀՀ օրենքի ընդունումը, որը հնարավորություն է ընձեռում վիճարկել կայացված վարչական ակտերը: