Արամ Ա. կաթողիկոսը խիստ մտահոգված է պաղեստինյան ողբերգությունների համար

2 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ, 2 ԱՊՐԻԼԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեկ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա.-ին է այցելել Լիբանանում Կանադայի դեսպան Հայկ Սարýյանը: Ըստ կաթողիկոսության մամլո գրասենյակի տեղեկատվության, դեսպանին այցելության նպատակը եղել է Վեհափառ հայրապետի հետ խորհրդակցելու Միջին Արեւելքի ներկա կացության շուրջ, հատկապես Պաղեստինում տեղի ունեցող իսրայելյան հարձակումների լույսի ներքո: Շուրջ մեկ ժամ տեւած հանդիպման ընթացքում թե՛ Վեհափառը, եւ թե դեսպանն իրենց տեսակետներն ու մտահոգություններն են հայտնել Պաղեստինում տեղի ունեցող ողբերգական դեպքերի, դրանց ծանր հետեւանքների առումով: Վեհափառ Հայրապետը դեսպանին տեղյակ է պահել Բեյրութում անցած շաբաթ գումարված Արաբական Լիգայի ժողովի աշխատանքների մասին, որին ինքը ներկա է եղել Լիբանանի նախագահի հրավերով: Կաթողիկոսության մամլո գրասենյակը հայտնում է, որ Արամ Ա.-ն որպես Եկեղեցիների համաշխարհային խորհրդի կենտրոնական գործադիր վարչության ատենապետ վերջին օրերին մոտիկից եւ մտահոգությամբ է հետեւում Պաղեստինում տեղի ունեցող ցավալի դեպքերին: Այդ կապակցությամբ նա հեռաձայնել է Ժնեւ՝ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի կենտրոն: Խորհուրդը ներկայացնող մի պատվիրակություն արդեն ժամանել է Երուսաղեմ, որի հետ սերտ կապերի մեջ է կաթողիկոսը, նրան օգնում է իր խորհուրդներով: Իսկ երեկ գիշեր Վեհափառին է այցելել Միացյալ Նահանգների եկեղեցիների խորհրդի արտաքին հարաբերությունների պատասխանատուն՝ Կապի Հաբիբը, համատեղ խորհրդակցելու ԱՄՆ Եկեղեցիների կողմից ձեռնարկվող աշխատանքների վերաբերյալ: Կիլիկիո կաթողիկոսը կապի մեջ է մտել նաեւ Եվրոպայի մի շարք Եկեղեցիների պատասխանատուների հետ՝ առաջարկելով անհրաժեշտ աշխատանք տանել իրենց պետություններում կասեցնելու իսրայելյան հարձակումները եւ սկսել քաղաքական բանակցություններ: Վեհափառ Հայրապետը նաեւ հեռաձայնային կապի մեջ է մտել Լիբանանի Հանրապետութեան նախագահ Էմիլ Լահուդի հետ, շնորհավորել նրան իսրայելյան հարձակումների դեմ իր որդեգրած հստակ ու քաջ կեցվածքի համար:

Հայերեն