Արամ Ա. «Պաղեստինցիները եւ իսրայելացիները երկու անկախ երկրներում պետք է գոյակցեն, ճանաչելով միմյանց իրավունքներըե

3 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արամ Ա. կաթողիկոսը շաբաթ օրը Մայրավանքում ընդունել է ԱՄՆ եկեղեցիների խորհրդի նախագահ եւ ընդհանուր քարտուղարի գլխավորած եկեղեցական պատվիրակությանը: Ինչպես տեղեկացնում է կաթողիկոսության մամլո դիվանը, պատվիրակությունը նպատակ ունի այցելել արաբական գլխավոր մայրաքաղաքները, ապա Երուսաղեմ ու Պաղեստին, մոտիկից ծանոթանալ տարածաշրջանի կացությանը, հատկապես պաղեստինցիների դիմագրաված դժվարություններին, ինչպես նաեւ այդ հարցում խորհրդակցել Վեհափառի հայրապետի հետ: Զրույցի ժամանակ Արամ Ա. կաթողիկոսն ԱՄՆ եկեղեցու պատվիրակների այցը Միջին Արեւելք նրա պատմության ամենաճակատագրական պահին համարել է մտահոգության, նախանձախնդրության ու հատկապես քրիստոնեական միասնականության աարտահայտություն: Կիլիկիո կաթողիկոսության աառաջնորդը կարծիք է հայտնել, որ պաղեստինցիները եւ իսրայելցիները պետք է գոյակցեն երկու անկախ երկրներում, ճանաչելով միմյանց իրավունքները, նախանձախնդիր լինեն իրենց փոխադարձ ապահովությանը: «Ամեն տեսակ բռնություն պետք է վերջ գտնի, մանավանդ մարդկանց դեպի բռնություն մղող արարքներն ու կեցվածքները պետք է վերջ գտնեն: Պատմությունը ցույց կտա, որ ո՛չ բռնությունը եւ ո՛չ էլ զինվորական ուժը չեն կարող մնայուն խաղաղություն ստեղծել: Փոխադարձ վստահության եւ արդարության վրա հիմնված խաղաղությունն է ճշմարիտ ու մնայուն խաղաղությունըե, ասել է Արամ Ա-ն: Նշելով, որ այսօր Միացյալ Նահանգներն առանցքային դեր ունեն տարածաշրջանում ամբողջական խաղաղություն հաստատելու գործընթացում, նա ընդգծել է, որ պետք չէ՛ անտեսել նաեւ Եվրոպայի դերը ու հատկապէս ՄԱԿ-ի դերակատարությունը: Արամ Ա.ն գտնում է, որ ԱՄՆ եկեղեցիները առկա խնդիրներն իրենց երկրում պետք է ներկայացնեն առողջ ու հավասարակշռված կերպով, իրապաշտ մոտեցումով, դառնալով արդարության ձայնը, մարդկային իրավունքների ու խաղաղության ջատագովներ: «Բոլորս էլ դատապարտում ենք բռնությունն ու ահաբեկչությունը, սակայն պետք է քաջ գիտենալ, որ միայն զինվորական ուժով հնարավոր չէ պայքարել ահաբեկչության դէմ: Դրա դեմ պայքարելու ամենաազդու միջոցը բարոյական ու հոգեւոր արժեքների, արդարության ու մարդկային իրավունների սկզբունքների տարածումը, փոխադարձ հասկացողության ու վստահության ոգու ամրապնդումն է մարդկային կյանքումե, շեշտել է Վեհափառ հայրապետը:

Հայերեն