Արամ Ա. կաթողիկոսին այցելել է Լիբանանի իսլամ համայնքները ներկայացնող պատվիրակությունը

2 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ, 18 ԱՊՐԻԼԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի իսլամական համայնքները ներկայացնող մի պատվիրակություն երեկ այցելել է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա. կաթողիկոսին: Այցելության նպատակը, ըստ կաթողիկոսության մամլո դիվանի տեղեկատվության, եղել է Պաղեստինին զորակցելու հարցում, բռնարարքների դեմ համահամայնքային ծրագրի վերաբերյալ Վեհափառ հայրապետի դիրքորոշմանը ծանոթանալը: Վեհափառ Հայրապետը՝ գնահատելով կատարված աշխատանքը հանուն արդարության եւ խաղաղության, նշել է, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսութունը կարելի բոլոր միջոցներով կզորակցի պաղեստինցի ժողովրդի արդար դատի լուծմանը: Լիբանանը, ասել է Վեհափառը, միշտ եւ որեւէ այլ երկրից ավելի է օգտակար եղել պաղեստինցի ժողովուրդին, գործնականում արտահայտելով իր աջակցությունը, լիբանանցի ժողովուրդը արյուն է թափել իր եղբայրների ու քույրերի ինքնորոշման ու ազատության համար: Կարեւորելով լիբանանցիների հավաքական կեցվածքի դերը բռնությունների կասեցման գործում, կաթողիկոսն անհրաժեշտ է համարել համալիբանանյան հավաքի կազմակերպումը, որը նաեւ, նրա խոսքով , կնպաստի երկրի ներքին կյանքի ամրապնդմանն ու համայնքների միջեւ եղբայրական սերտ գործակցությանը: Իր խոսքի ավարտին, Վեհափառ հայրապետը հիշեցրել է, որ հայ ժողովուրդն ամեն պարագայում պաշտպանում է պաղեստինյան դատը, որ ինքն անձամբ կոչ է հղել թեմակալ բոլոր առաջնորդներին՝ զորակցելու, վերջ դնելու պաղեստինցիների զանգվածային կոտորածին:

Հայերեն