1 րոպեի ընթերցում
ԱՆԹԻԼԻԱՍ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբեր 11-ին Նյու Յորքում եւ Վաշինգտոնում կատարված ահաբեկչական գործողություններից հետո իսլամական եւ քրիստոնյա աշխարհի միջեւ, հատկապես Արեւմտյան երկրներում, որոշակի լարվածության առաջացավ: Այս կրոնների հետեւորդների միջեւ փոխհասկացողություն ու վստահություն առաջացնելու նպատակով մի շարք նախաձեռնություններ իրականացվեցին եւ տակավին ծրագրվում են: Դրանցից կարեւորագույններն են համարվում Եվրոպական Խորհրդի, ինչպես նաեւ Մեծ Բրիտանիայի վարչապետի կողմից Բրյուսելում եւ Լոնդոնում կազմակերպված միջկրոնական խորհրդակցությունները, որոնց մասնակցել եւ ելույթ է ունեցել նաեւ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը: Կիլիկիո Աթոռի մամլո դիվանից հայտնում են, որ Վեհափառ Հայրապետը, ընդառաջելով հոգեւոր ու քաղաքական բարձրաստիճան անձանց առաջարկին, նրանց է ներկայացրել իր պատկերացումները քրիստոնյա-իսլամ երկխոսությունը ճիշտ հուն ուղղելու եւ ավելի լավ կազմակերպելու մասին: Անգլերեն այդ գրության մեջ Արամ Ա կաթողիկոսը նախ շեշտում է այդ երկխոսությունը աստվածաբանական մակարդակից գործնական մակարդակ իջեցնելու, դրան լայն ներկայացուցչություն տալու կարեւորությունը, ճշտում երկխոսության մեջ գործածվելիք մեթոդները եւ ապա նշում է օրակարգային հարցերը: