Հայաստանի կինոգործիչների միությունն ամփոփեց 2022-2026 թվականներին կատարած աշխատանքը

6 րոպեի ընթերցում

Հայաստանի կինոգործիչների միության 16-րդ համաժողովին, որը տեղի ունեցավ նոյեմբերի 28-ին Կինոյի տան մեծ դահլիճում, ամփոփվեց կառույցի՝ 2022-2026 թվականներին կատարած լայնածավալ աշխատանքը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հաշվետվությունը, որը կրում էր «Ամբողջական վերափոխված Կինոյի տուն» խորագիրը, ներկայացրեց կինոմիության նախագահի խորհրդական Արայիկ Մանուկյանը։

Նա ընդգծեց, որ 2021 թվականին Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանն իր պաշտոնավարումը սկսել է խոստումով, որ պետք է բացվեն Կինոյի տան բոլոր դռները։ Մանուկյանը շեշտեց՝ ոչ միայն բացվել են Կինոյի տան բոլոր դռները, այլև այսօր ունեն ամբողջովին վերափոխված, վերակառուցված, երբեմն թվում է՝ նորից կառուցված Կինոյի տուն։  Կինոյի տան գլխավոր մուտքի առջևի հատվածում էլ շուտով մշակութային գեղեցիկ միջավայր կստեղծվի։ Աշխատանքներն արդեն ընթանում են։

«Անցած հինգ տարվա ընթացքում ամբողջությամբ վերակառուցվել է նախկինում 35-40 տեղանոց փոքր կինոսրահը, ստեղծվել է ութսուն տեղ ունեցող ձայնամեկուսացված, ջերմամեկուսացված, նոր տեխնիկայով, նոր էկրանով, նոր ձայնով համալրված ժամանակակից կինոդահլիճ՝ «Կապույտ սրահ»-ը։ Ամբողջությամբ ավարտվել է մեծ դահլիճի, կապույտ սրահի, Հենրիկ Մալյանի անվան թատրոնի փոքր դահլիճի, Կինոյի տան ճեմասրահների, կինոթանգարանի տարածքների ջեռուցման, հովացման և օդափոխության նոր համակարգերի տեղադրումը։ Կինոյի տունն այս տարիներին իրապես դարձել է կինոփառատոնային կենտրոն, ինչը Հարություն Խաչատրյանի խոստումներից մեկն էր»,-ասաց Մանուկյանը։

Կինոյի տանն անցկացվել են «Ոսկե ծիրան», «ՌեԱ», «Արևորդի», «Կին» և մի շարք այլ միջազգային կինոփառատոններ։

Մանուկյանի խոսքով՝ 2022-ին որոշում է կայացվել կինոփառատոնների մեկնարկների և փակման արարողությունների, ինչպես նաև կինոմիության անդամների ֆիլմերի ցուցադրությունների, հանդիսությունների և այլ շնորհանդեսների համար դահլիճն անվճար տրամադրել, ինչի արդյունքում Հայաստանի կինոգործիչների միությունը մոտ 32 մլն դրամի անուղղակի ներդրում է արել կինոյի զարգացման գործում։

Մանուկյանը կարևորեց նաև այն հանգամանքը, որ դահլիճները տեխնիկապես վերազինվել ու նորոգվել են։ Կինոգործիչների միությունում անցկացվել են բազմաթիվ հոբելյանական միջոցառումներ, կինոցուցադրություններ։

Կինոյի տունը հարմարեցվել է նաև հաշմանդամություն ունեցող մարդկանց։ Տեղադրված հատուկ վերելակը և կառուցված սանհանգույցը հաշմանդամություն ունեցող մարդկանց ևս հնարավորություն են տալիս ընդգրկված լինել կինոմշակութային իրադարձություններում։

2022-2026 թվականներին շարունակվել են Կինոգործիչների միության կրթական ծրագրերը, որոնք մեծ ճանաչում և ընդունելություն են գտել, և այդ ծրագրերը շարունակական բնույթ կկրեն։ Կրթական նախագծերում և կրթական կինոցուցադրություններում ընդգրկվել է ավելի քան 7000 աշակերտ։ Կրթական ծրագրերի շարքում շատ կարևոր դեր է խաղացել նաև «Կոնցեպտուալ արվեստ» դասախոսությունների շարքը։ Արայիկ Մանուկյանի խոսքով՝ այսօր դժվար է կինոն պատկերացնել առանց ժամանակակից արվեստի։

Կինոյի տան երկրորդ հարկը մասնակի նորոգման և կահավորման արդյունքում արդեն իսկ դարձել է մեծածավալ ցուցադրությունների սիրված վայր, այդ թվում՝ միջազգային գործընկերների համար։ Այդ տարածքում նաև կինոնկարիչների ցուցահանդեսներ են անցկացվել։

2022-2026 թվականներին Հայաստանի կինոգործիչները հոբելյանական միջոցառումներով հարգանքի տուրք են մատուցել Վալենտին Պոդպոմոգովին, Խորեն Աբրահամյանին, Մհեր Մկրտչյանին, Հենրիկ Մալյանին, Սուրեն Բաբայանին, Ռուբեն Գևորգյանցին, Միքայել Պողոսյանին, Յուրի Երզնկյանին, Վիգեն Չալդրանյանին և այլ երախտավորների։

Հրատարակվել են գրքեր, հեռուստաընկերությունների հետ համագործակցությամբ թողարկվել են հետաքրքիր հաղորդումներ։

«Հայաստանի կինոօպերատորների գիլդիան այս տարիների ընթացքում դարձել է Կինոօպերատորների միջազգային ֆեդերացիայի անդամ, մասնակից է եղել կինոյին վերաբերող բարելավումների, քննարկումների։ Ձևավորվել է Կինոգործիչների միության կինոպրոդյուսերների և կինոռեժիսորների գիլդիայի վարչությունը։

Վավերագրողների գիլդիան սկսել է իր տեղը հաստատել կինոյի ոլորտում՝ Սամվել Ստեփանյանի գլխավորությամբ։ Դերասանների գիլդիան է սկսել ձևավորվել։

Բազմաթիվ կինոպրեմիերաներ են տեղի ունեցել Կինոյի տանը»,-տեղեկացրեց Մանուկյանն ու հավելեց՝ կատարված ամբողջական աշխատանքը մանրամասն ներկայացնելու համար ժամեր կարող էին պահանջվել։

Մշակույթ

Հայաստանի կինոգործիչների միության նախագահի պաշտոնում վերընտրվեց Հարություն Խաչատրյանը

Ավելի վաղ հայտնել էինք, որ 16-րդ համաժողովի ընթացքում կայացավ նաև Կինոմիության նախագահի ընտրությունը։ Նախագահի պաշտոնում վերընտրվեց կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը, որը շնորհակալություն հայտնեց վստահության համար՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է մեծ ջանքեր գործադրել Հայաստանում կինոդպրոց հիմնելու ուղղությամբ, ինչը մեծ դերակատարություն կարող է ունենալ կինոյի ոլորտի զարգացման գործում։

Նախագահի ընտրությունից հետո ընտրեց նաև վարչության կազմը։ Վերստուգիչ հանձնաժողովը մնաց նույնը։

Հայերեն English

Իսպանիան գնում է ընտրությունների, ինչից հետո ձախակողմյան կառավարությունը կարող է փոխարինվել աջակողմյանով

Հայաստանի կինոգործիչների միությունն ամփոփեց 2022-2026 թվականներին կատարած աշխատանքը

Գերմանիայում Rheinmetall-ի շինհրապարակում մի քանի շինարարական մեքենա է այրվել

Ոսկեպարում էկոպարեկները կանխել են հրդեհի տարածումը դեպի անտառային տարածքներ

Երևանի «Հաղթանակ» զբոսայգում տնկվել է 150 ծառ և 200 թուփ, ներդրվել է ոռոգման նոր համակարգ

Հայաստանի մարզերից և Երևանից 50 երիտասարդական աշխատող ավարտել է վերապատրաստման ազգային ծրագիրը

ԱՄՆ դեսպանների՝ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամն աջակցել է Մատենադարանում պահվող եզակի ձեռագրերի պահպանության աշխատանքներին

Աֆղանստանի դպրոցներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով յոթ մարդ մահացել է, 97-ը՝ վիրավորվել

Հայաստանը ներկայացնող գեղասահորդները միջազգային մրցաշարում արժանացել են բրոնզե մեդալի

Կարեն Բրուտյանը շրջայց է կատարել ՊՆ զորամասերում