2 րոպեի ընթերցում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը՝ Ուկրաինայի հետ հակամարտության աշխարհագրությունն ընդլայնող քայլերից զերծ մնալու անհրաժեշտության մասին, կարող են վերաբերել Կիևի գործողություններին, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Ինչ վերաբերում է Ուկրաինայում հակամարտության ընդլայնմանը, ապա, ըստ ամենայնի, խոսքը Կիևի ռեժիմի՝ այդ հակամարտության աշխարհագրությունն ընդլայնելու փորձերի մասին է», - նշել է Պեսկովը։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի ակտիվությունը Միջերկրական և Բալթիկ ծովերում վտանգավոր է և մտահոգություններ է առաջացնում ափամերձ պետություններում և, ամենայն հավանականությամբ, ՆԱՏՕ-ում:
«Իհարկե, աշխարհագրության ընդլայնում ոչ ոք չէր ցանկանա, և Կիևի ռեժիմի նման գործողությունները կարող են շատ վտանգավոր լինել», - հավելել է նա:
Նոյեմբերի 25-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Ֆլորիդայում հանդիպման ժամանակ քննարկել էին Ուկրաինայում և Իրանում ընթացող հակամարտությունները: Համատեղ հայտարարության մեջ նրանք Ռուսաստանին կոչ էին արել խուսափել այնպիսի գործողություններից, որոնք միտումնավոր կամ ոչ միտումնավոր կերպով կարող են ընդլայնել Ուկրաինայում պատերազմը:
Նոյեմբերի 22-ին Լիբիայի Բենղազիի նավահանգստում ուկրաինական արտադրության ծովային հեռակառավարվող յոթ սարքերով հարձակման էր ենթարկվել ռուսական «Մերկուրի» կորվետը։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հաստատել էր հարձակումը։