Քննարկվել են Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում նոր արժեքներ ներառելու առաջարկները
2 րոպեի ընթերցում
Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհրդի հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, երաժշտագետ Հռիփսիմե Պիկիչյանը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ hանդիպմանը քննարկվել են ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում Հայաստանի տարբեր համայնքների, գիտական և մշակութային կազմակերպությունների ներկայացրած առաջարկները:
Դրանք ներկայացնում են համայնքների ոչ նյութական մշակութային ժառանգության դրսևորումները՝ բնութագրական ավանդույթները, դրանց հետ կապված գիտելիքներն ու հմտությունները, բարքերը, սովորույթները։
Նիստի ընթացքում մասնագետները քննարկել են առաջարկները՝ ներկայացնելով իրենց դիտարկումները: Առանձնակի ընդգծվել են անվանումների ճշգրտման, ոչ նյութական մշակութային արժեք համարվելու հիմնավորումները հստակ ներկայացնելու պահանջը, ինչպես նաև դրանք սոցիալական միջավայրում կիրառելու և հայտում համապատասխան տվյալներ ներառելու անհրաժեշտությունը:
Խորհրդի անդամները կարևորել են ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանումն ու տարածումը՝ այս ուղղությամբ ընդգծելով առանձին կազմակերպությունների, ինչպես նաև ժառանգության կրողների գործունեությունն ու ջանքերը։
Քննարկման արդյունքում որոշվել է ներկայացված առաջարկների մի մասը, մասնագիտական դիտարկումների համաձայն, ուղարկել լրամշակման և քննարկել նոր առաջարկների ստացումից հետո։