Լիտվայի ԱԳ նախարարը հայտնել է, որ Մոլդովան կարող է առաջընթաց գրանցել ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններում. Moldpres
3 րոպեի ընթերցում
Հոդվածը հրապարակվում է «Արմենպրես»-ի և Moldpres-ի միջև ստորագրված համաձայնագրի շրջանակում։
Մոլդովան կարող է զգալի առաջընթաց գրանցել Եվրոպական միությանն անդամակցելու շուրջ բանակցություններում 2027 թ. առաջին կիսամյակում, երբ Լիտվան ստանձնի ԵՄ խորհրդի նախագահությունը։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Moldpres գործակալությունից, այս մասին հայտնել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուդրիսը՝ «Միացյալ ծառայությունների թագավորական ինստիտուտին» (RUSI) տված հարցազրույցում։
Պաշտոնյան ընդգծել է, որ Լիտվան ցանկանում է օգտագործել Եվրամիության խորհրդում իր նախագահության շրջանը՝ ԵՄ ընդլայնման վերաբերյալ քաղաքական աջակցությունը թեկնածու երկրների համար կոնկրետ առաջընթացի վերածելու նպատակով։
2027 թ. հունվարի 1-ից Լիտվան վեց ամսով կստանձնի ԵՄ խորհրդի նախագահությունը։ Թեև նախագահող երկիրն ինքնուրույն չի որոշում Միության ընդլայնման հարցը, սակայն կարող է ազդել քննարկումների ընթացքի վրա և նպաստել 27 անդամ պետությունների միջև կոնսենսուսի ձեռքբերմանը։
Ըստ Կեստուտիս Բուդրիսի՝ Լիտվայի նպատակն է, որ մինչև այս տարվա վերջ բացվեն Մոլդովային և Ուկրաինային վերաբերող բանակցային բոլոր խմբերը (կլաստերները)։ Այնուհետև Լիտվայի նախագահության ընթացքում հնարավոր կլինի նախնական փակել առաջին գլուխները, ինչը նոր փուլ կնշանավորի այդ երկու երկրների՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացում։
Բանակցային գլխի նախնական փակումը նշանակում է, որ թեկնածու երկիրը կատարել է Եվրոպական միության կողմից տվյալ ոլորտում սահմանված պայմաններն ու պահանջները։ Այնուամենայնիվ, սա չի նշանակում անդամակցության շուրջ բանակցությունների վերջնական ավարտ։ Գլուխները կարող են կրկին բացվել, եթե խնդիրներ առաջանան, կամ եթե թեկնածու երկիրն այլևս չկատարի իր ստանձնած պարտավորությունները։
Լիտվան նաև աջակցում է մինչև 2030 թվականը Եվրոպական միությանը միանալու Ուկրաինայի հեռանկարին։ Լիտվայի նախագահության հավակնոտ նպատակներից մեկն այս ժամանակահատվածում Չեռնոգորիայի՝ Եվրոպական միությանն անդամակցելու պայմանագրի ստորագրումն է։
Ընդլայնումից բացի, Լիտվայի օրակարգում կլինի նաև եվրոպական անվտանգության ամրապնդումը։ Վիլնյուսն աջակցում է պաշտպանության ոլորտում ավելի խոր համագործակցությանը Թուրքիայի և ՆԱՏՕ-ի մյուս այն դաշնակիցների հետ, որոնք ԵՄ անդամ չեն՝ համարելով, որ մայրցամաքի անվտանգությունը պետք է կառուցվի գործընկերների միջև ավելի սերտ համագործակցության միջոցով։