Հայաստանն ու Շվեդիան կշարունակեն համագործակցությունը մշակույթի ոլորտում․ քննարկվել են «Արտնեքսուս» ծրագրի արդյունքներն ու հետագա անելիքները

3 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Շվեդիայի արվեստի դրամաշնորհների հանձնաժողովի գլխավոր տնօրեն Միկա Ռոմանուսին, «Արտնեքսուս» ծրագրի միջազգային զարգացման գծով ավագ խորհրդականներ Նադյա Ալինին և Յուլիա Բենգտսոնին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, Ժաննա Անդրեասյանը բարձր է գնահատել Հայաստանի և Շվեդիայի միջև մշակութային համագործակցությունն՝ ընդգծելով «Արտնեքսուս» ծրագրի նշանակությունը Հայաստանի մշակութային ոլորտի զարգացման և ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդման գործում:

««Արտնեքսուս» ծրագիրը մշակույթի ոլորտում էական փոփոխությունների և զարգացման նոր հնարավորությունների խթան է: Համոզված եմ՝ համագործակցության շարունակությունն ու ամրապնդումը բխում են ոլորտի, ստեղծագործական համայնքի և հանրության շահերից»,- նշել է նախարարը՝ կարևորելով հատկապես ինքնազբաղ արվեստագետների իրավունքների պաշտպանությունը:

Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև մասնագիտական փորձի փոխանակման գործընկերային հարթակի (peer-to-peer) ստեղծումը, որը հնարավորություն կտա կիրառելու շվեդական փորձը՝ նպաստելով մշակութային հաստատությունների կառավարման արդյունավետության բարձրացմանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Շվեդիայի արվեստի դրամաշնորհների հանձնաժողովի գլխավոր տնօրեն Միկա Ռոմանուսը գոհունակությամբ արձանագրել է «Արտնեքսուս» ծրագրի շրջանակում համագործակցության շոշափելի արդյունքները:

Նա հատկապես ընդգծել է մշակույթի ապակենտրոնացման կարևորությունը՝ շեշտելով մարզերում արվեստագետների մասնագիտական հնարավորությունների ընդլայնման և հանրության համար մշակութային կյանքի հասանելիության ապահովման անհրաժեշտությունը:

Անդրադարձ է կատարվել նաև «Արտնեքսուս» ծրագրի ընթացքին և հետագա անելիքներին: Կողմերը կարևորել են ստեղծարար արդյունաբերությունների զարգացումը, տեխնոլոգիական փոփոխություններին համահունչ նոր մոտեցումների կիրառումը:

Շվեդիայի արվեստի դրամաշնորհների հանձնաժողովի կողմից՝ Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Sida) ֆինանսավորմամբ իրականացվող «Արտնեքսուս» ծրագրի առաջին փուլն իրականացվել է 2021–2024 թվականներին։ Ընթացիկ երկրորդ փուլը 2025–2028 թվականների համար է նախատեսված:

Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում կայուն, թափանցիկ և ներառական մշակութային միջավայրի ձևավորմանը, արվեստագետների իրավունքների և մասնագիտական հնարավորությունների ընդլայնմանը:

Հայերեն English Русский

Լեհաստանի իշխանությունները հայտնել են երկրի տարածքում ռուսական երկու հրթիռի և մեկ ԱԹՍ-ի ընկնելու մասին

ՄՍՇՊՀ-ում քննարկվել են կառուցապատման ոլորտի օրենսդրական փոփոխությունները

ԱրարատԲանկը հաջողությամբ տեղաբաշխել է «Ազգային հիփոթեքային ընկերության» դրամային պարտատոմսերը

Եվրահանձնաժողովն Ուկրաինային է փոխանցել բյուջետային ֆինանսավորման տրանշ` 7,9 միլիարդ եվրոյի չափով

Հայաստանն ու Շվեդիան կշարունակեն համագործակցությունը մշակույթի ոլորտում․ քննարկվել են «Արտնեքսուս» ծրագրի արդյունքներն ու հետագա անելիքները

Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանն ամփոփել են կանաչ ձեռներեցության ծրագրի երրորդ փուլը

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ -20/11/26

Վաճառողները տարայի գինը հաշվարկում են ձեռք բերված սննդամթերքի գնով․ ՄՍՇՊՀ-ն հորդորել է տնտեսավարողներին կարգավորել խնդիրը

Ասիական ինդեքսները նվազել են - 20/11/26

Հայաստանը ինը պետության հետ ունի գաղտնի տեղեկությունների պաշտպանության համաձայնագրեր