2 րոպեի ընթերցում
Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը եվրոպացիներին կոչ է արել չհրաժարվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերից՝ այցելելու Մոսկվա Ուկրաինայի շուրջ բանակցությունների համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախարարի խոսքը մեջբերել է Der Spiegel պարբերականը:
«Մոսկվա այցելելու հրավերից հրաժարվելը միանգամայն սխալ ազդանշան կլիներ», - ասել է նա Վարշավա կատարած այցի ընթացքում։
«Մենք պետք է խոսենք։ Միայն նա, ով խոսում է, կարող է վերջին հաշվով հասնել արդյունքների։ Եթե նա (ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը) այժմ ուղարկում է առաջին ազդանշանները և ասում եվրոպացիներին Մոսկվա հրավիրելու մասին, ապա դա ցանկացած տեսանկյունից պետք է ողջունել», - հայտարարել է Պիստորիուսը։
Նա միևնույն ժամանակ դեմ է արտահայտվել գերմանացի զինվորականներին Ուկրաինա ուղարկելու հնարավորության շուրջ քննարկումներին։ Գերմանիայի պաշտպանության նախարարի խոսքով՝ «հիմարություն է խոսել տարբերակների մասին կամ կանխաեսումներ անել, թե ով, ինչ, երբ կարող է անել»՝ մինչև մարտական գործողությունների վերջնական ավարտը։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ դիվանագիտական ուղիներով հրավերներ են ուղարկվել Եվրոպայի որոշ ներկայացուցիչների՝ այցելել Մոսկվա՝ պարզաբանելու նրանց դիրքորոշումը հաշտության գործընթացին հնարավոր մասնակցության վերաբերյալ։
ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ այս առնչությամբ ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը լրագրողներին հայտնել է, որ Ռուսաստանը կկազմակերպի «եվրաեռյակի» այցը «արագ և որակով», եթե ԵՄ ներկայացուցիչներն ընդունեն Մոսկվա այցելելու հրավերը: