Անհայտ կորած անձանց հարցում առաջընթացը կարող է դառնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխվստահության ամրապնդման կարևոր բաղադրիչ. Ալեն Սիմոնյան

5 րոպեի ընթերցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը նոր հնարավորություններ է ստեղծել նաև չլուծված մարդասիրական հարցերին անդրադառնալու համար։ Անհայտ կորած անձանց ճակատագրի պարզաբանման ուղղությամբ առաջընթացը կարող է դառնալ փոխվստահության ամրապնդման կարևոր բաղադրիչ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին «Անհայտ կորած անձանց ճակատագիրը. մարդասիրական երկխոսություն և համագործակցություն» խորագրով միջազգային համաժողովի ընթացքում հայտարարեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը։

Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ Ալեն Սիմոնյանն առանձնահատուկ երախտագիտություն հայտնեց համաժողովին ներկա անհայտ կորած անձանց ընտանիքներին՝ ընդգծելով, որ նրանց հարազատների ճակատագրերի պարզաբանումը համատեղ ջանքերի առանցքում է։

«Անհայտ կորած անձանց խնդիրը զինված հակամարտությունների ամենացավալի և երկարատև հետևանքներից է։ Հակամարտությունները կարող են ավարտվել, ռազմական գործողությունները դադարել, քաղաքական հարաբերությունները փոխվել, սակայն անհայտ կորած անձանց ընտանիքների համար անորոշությունը շարունակվում է իր սոցիալական, իրավական և հոգեբանական ծանր հետևանքներով։ Հայաստանը սեփական փորձով է ճանաչում այս խնդրի ծանրությունը։ Մեզ համար սկզբունքային է յուրաքանչյուր ընտանիքի՝ իր անհայտ կորած հարազատի ճակատագիրն իմանալու իրավունքի ապահովումը»,- նշեց Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ այս սկզբունքի իրագործման նպատակով Հայաստանի Հանրապետությունը վերջին տարիներին հետևողական աշխատանք է իրականացրել անհայտ կորած անձանց որոնման և նույնականացման համար անհրաժեշտ ազգային կարողությունների զարգացման ուղղությամբ։

«Մասնավորապես, ամրապնդվել են դատաբժշկական և դատագենետիկական փորձաքննությունների կարողությունները, իրականացվել են մասնագետների վերապատրաստման և միջազգային փորձի փոխանակման ծրագրեր։ Զուգահեռաբար աշխատանքներ են տարվել իրավական և ինստիտուցիոնալ մեխանիզմների ամրապնդման ուղղությամբ։ Գործող միջգերատեսչական հանձնաժողովի շրջանակում շարունակվում են տեղեկատվության հավաքագրման և համակարգման, որոնողական աշխատանքների արդյունավետության բարձրացման, ինչպես նաև ընտանիքներին անհրաժեշտ աջակցություն տրամադրելու ուղղությամբ ջանքերը։ Այս ամենը կարևոր հիմք է ստեղծում խնդրի առավել համակարգված և մասնագիտական լուծման համար»,- ասաց ԱԽ քարտուղարը։

Անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին՝ Սիմոնյանն ընդգծեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը հնարավորություն է ստեղծել ոչ միայն հաղթահարելու տասնամյակներ շարունակ առկա քաղաքական և անվտանգային խնդիրները, այլև նոր մոտեցումներ ձևավորելու չլուծված մարդասիրական հարցերի նկատմամբ։

«Հայաստանը հավատարիմ է խաղաղության օրակարգին և համոզված, որ տարածաշրջանում կայուն ու երկարատև խաղաղությունը պետք է հիմնված լինի փոխադարձ վստահության, համագործակցության և մարդկային արժանապատվության նկատմամբ հարգանքի վրա։ Միաժամանակ պետք է գիտակցենք, որ խաղաղությունը պետք է շոշափելի լինի նաև այն ընտանիքների համար, որոնք դեռևս սպասում են իրենց հարազատների մասին լուրի։ Այս հարցում առաջընթացը կարող է դառնալ փոխվստահության ամրապնդման կարևոր բաղադրիչ։ Հարցի լուծումը պահանջում է քաղաքական կամք, բայց առավելապես՝ մարդասիրական սկզբունքներով առաջնորդվող հետևողական և մասնագիտական աշխատանք»,-ընդգծեց նա։

ԱԽ քարտուղարի խոսքով՝ խաղաղությունն առավել ամուր է դառնում այն ժամանակ, երբ ուղեկցվում է մարդկային ցավի ճանաչմամբ, անցյալի չլուծված հարցերի նկատմամբ պատասխանատու մոտեցմամբ և ապագայի հանդեպ վստահության ձևավորմամբ։

«Հայաստանը պատրաստակամ է շարունակելու իր ջանքերը անհայտ կորած անձանց ճակատագրի պարզաբանման և նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանության ուղղությամբ։ Այսօրվա համաժողովը հնարավորություն է ընձեռում համադրելու միջազգային փորձը, քննարկելու առկա իրավական, գործնական և մարդկային մարտահրավերները և նախանշելու հետագա համագործակցության հնարավոր ուղղությունները։ Կարևոր է, որ մեր քննարկումները չսահմանափակվեն միայն խնդրի արձանագրմամբ, այլ ձևավորեն հստակ գործնական առաջարկություններ և լուծումներ, որոնք իրական փոփոխություններ կբերեն մարդկանց կյանքում»,- եզրափակեց Ալեն Սիմոնյանը:

Հայերեն English

Ալեն Սիմոնյանը դեկտեմբերին կայցելի Ադրբեջան

Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Թրամփ հանդիպումից

Անհայտ կորած անձանց հարցում առաջընթացը կարող է դառնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխվստահության ամրապնդման կարևոր բաղադրիչ. Ալեն Սիմոնյան

Հայաստանը փորձելու է խորացնել Ադրբեջանի հետ համագործակցությունը անհայտ կորած անձանց հետ կապված խնդիրները լուծելու ուղղությամբ

Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ

Ազգային ժողովի նիստ. ՈՒՂԻՂ

Սի Ծինփինը, Թրամփը և Պուտինը ելույթ են ունեցել ԱԽՏՀ գագաթնաժողովին

Հայկ Մարտիրոսյանը հաղթել է հունգարացի գրոսմայստեր Ռիխարդ Ռապորտին

ԱԲ-ն պարզապես ինքնատիպ էկզոկմախք է, իսկ կմախքը չի կարող որոշումներ կայացնել մարդկանց փոխարեն. ակադեմիկոս Հարություն Ավետիսյան

Podcast-Sport. Անի Հովսեփյանը՝ պրոֆեսիոնալ ռինգում իր հաջորդ մենամարտի ու Օլիմպիական խաղերին հնարավոր մասնակցության մասին