2 րոպեի ընթերցում
«Խաղաղության կամուրջ» նախաձեռնությունը շարունակվում է և շարունակվելու է՝ ընդգծելով հայ-ադրբեջանական երկարատև հակամարտության հետևանքներին համբերատար մոտենալու անհրաժեշտությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ-ում կառավարության հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով պատգամավոր Սոնա Ղազարյանի՝ երկու երկրների քաղաքացիական հասարակությունների շփումների վերաբերյալ դիտարկմանը։
Ղազարյանը կարևորել է հասարակությունների տարբեր շերտերի երկխոսությունը՝ խաղաղության ամրապնդման տեսանկյունից։ Նա անդրադարձել է նաև հանդիպումներից մեկի հետաձգմանը։
Փաշինյանը նշել է, որ նման իրավիճակները չպետք է դառնան չափազանց լարված արձագանքի պատճառ։
«Խաղաղության կամուրջ» նախագծի մի հանդիպում հետաձգվեց հայտնի հանգամանքների բերումով։ Բայց մենք այդտեղ էլ պետք է շատ չլարվենք, որովհետև այնպես չէ, որ ամեն ինչ միանգամից լինելու է։ Այո՛, լինելու են այդպիսի իրավիճակներ։ Կարևորն այն է, որ հիմա «Խաղաղության կամուրջ» նախաձեռնությունը շարունակվում է և շարունակվելու է»,- ասել է վարչապետը։
Նա ընդգծել է, որ ավելի քան երեսնամյա հակամարտության հետևանքները հնարավոր չէ միանգամից հաղթահարել։
«Եկեք շատ պարզ չմոտենանք ավելի քան երեսնամյա հակամարտությանը, կոնֆլիկտին։ Դա այնպես չէ, որ անջատիչն անջատեցիր, և ամեն ինչ ավարտվեց։ Դա շատ ծանր հակամարտություն է եղել, և այնտեղ կան բազմաթիվ հարցեր, որոնք անընդհատ բաց նյարդի նման գործելու են։ Մեր խնդիրն այն է, որ համբերատար մոտենանք այդ հարցերին և այդ բաց նյարդերը փակենք»,- հայտարարել է Փաշինյանը։